Կիևը չի արձագանքել Պուտինի՝ մայիսյան հրադադարի վերաբերյալ նախաձեռնությանը. Պեսկով

Կիևը ոչ մի կերպ չի արձագանքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված մայիսյան հրադադարին, պարզ չէ՝ Ուկրաինայի զինված ուժերը կմիանան դրան, թե ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հենց նախագահ Պուտինն է բարի կամքի ժեստ դրսևորել և երեկ հայտարարել, որ Հաղթանակի օրը, Հաղթանակի տոնին կհայտարարվի ժամանակավոր հրադադար։ Կիևի վարչակարգից  արձագանք մենք նույնպես չենք լսել։ Եվ առայժմ դժվար է հասկանալ՝ Կիևի վարչակարգը պատրաստվո՞ւմ է դրան միանալ, թե՞ ոչ», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նաև մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի այն խոսքերը, որ հրադադարի մասին Պուտինի նախաձեռնությունը «մանիպուլյացիա է»:

«Ես կասեի, որ ավելի շուտ մանիպուլյացիա է նախագահ Պուտինի այդ նախաձեռնությանն ուղղակի պատասխան չտալը։ Դա ավելի քան մանիպուլյացիա է», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

–00—ՅՄ