Կուրսկի ազատագրման գործողությունն ավարտվել է․ Պուտինը համապատասխան զեկույց է ստացել Գերասիմովից
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Ռուսական զորքերը ազատագրել են Կուրսկի մարզը, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը ուկրաինացի նեոնացիստներից ազատագրելու գործողության ավարտի մասին», – ասել է Կրեմլի խոսնակը։
2024 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան ուկրաինացի զինյալները ներխուժել են Կուրսկի մարզ։ Նրանց առաջխաղացումը կասեցվել է։ Մարտի սկզբին ռուսական զորքերը սկսել են լայնածավալ հարձակում և մի քանի օրվա ընթացքում ազատագրել մոտ 1100 քառակուսի կիլոմետր տարածք։
Ընդհանուր առմամբ, ներխուժման սկզբից ի վեր վերահսկողության տակ է վերադարձվել ավելի քան 60 բնակավայր, որոնցից կեսից ավելին, այդ թվում՝ Սուջան, վերջին երկու ամիսների ընթացքում։
Կուրսկի սահմանային գոտում մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են առնվազն 75 հազար զինվոր և ավելի քան 400 տանկ։
«Կիևի ռեժիմի արկածախնդրությունը լիովին ձախողվել է։ Կուրսկի սահմանային շրջանում հակառակորդի լիակատար պարտությունը պայմաններ է ստեղծում ռազմաճակատի մյուս կարևոր հատվածներում մեր զորքերի հետագա հաջող գործողությունների համար»,- տեսաուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
–00—ՅՄ