Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում պայթյուն է որոտացել
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Ապրիլի 26-ի կեսօրին հզոր պայթյուն է որոտացել Իրանի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի նավահանգստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է տեղական Tasnim լրատվական գործակալությունը:
Ըստ տեղեկությունների՝ պայթյունը վնասել է նավահանգստի վարչական շենքը: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ զգացվել է նաև Պարսից ծոցի Քեշմ կղզում, որը գտնվում է նավահանգստից առնվազն 20 կիլոմետր հեռավորության վրա։ Հորմոզգան նահանգի ճգնաժամային կառավարման կազմակերպության ղեկավարը հայտնել է, որ պայթյունի պատճառը դեռևս պարզ չէ։
Tasnim-ի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել վարչական շենքում։ Ըստ միջազգային լրատվամիջոցների, դրա պատճառը վառելիքի բաքում բռնկված հրդեհն է եղել: Իսկ Հորմոզգան նահանգի նավահանգստի և ծովային վարչության պետի տեղակալ Էսմայիլ Մաքիզադեի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել նավամատույցի մոտ:
Ներկայում հրշեջները փորձում են տեղայնացնել հրդեհը։
–00—ՅՄ