Թրամփը հայտնել է, որ Ղրիմը կմնա Ռուսաստանի կազմում
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ըստ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման արդյունքների՝ Ղրիմը կպահպանի ՌԴ-ին պատկանելությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Time հանդեսին տված հարցազրույցում:«Մենք ստիպված ենք խոսել Ղրիմի մասին, քանի որ նրա անունն անընդհատ հիշատակում են։ Ղրիմը կմնա Ռուսաստանի կազմում», – ասել է Թրամփը։
«Եվ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հասկանում է սա, և բոլորը հասկանում են, որ Ղրիմը երկար ժամանակ Ռուսաստանինն է եղել», – պարզաբանել է նա։
Ավելի վաղ Թրամփն արդեն հայտարարել էր, որ Ուկրաինան տարիներ առաջ կորցրել է Ղրիմը, և որ այն Ռուսաստանի տարածք ճանաչելուց հրաժարվելու մասին Զելենսկիի հայտարարությունները վնասում են ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու շուրջ բանակցություններին։
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, թե Թրամփի խոսքերն այն մասին, որ Ուկրաինան կորցրել է Ղրիմը, լիովին համապատասխանում են այս հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը։
–00–ԱՀ