Թրամփը Վատիկանում «բազմաթիվ հանդիպումներ» ունի աշխարհի ղեկավարների հետ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության համար Վատիկան իր այցի ընթացքում հանդիպումներ կունենա աշխարհի մի շարք ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը:
«Ես շատ հանդիպումներ ունեմ նշանակված։ Չգիտեմ՝ արդյոք կարող եմ դա անել…. Ես բազմաթիվ հանդիպումներ ունեմ, աշխարհի բոլոր ղեկավարները (խմբ.՝ ցանկանում են), ինչը խոսում է այն մասին, որ մենք լավ ապրանք ունենք, որը կոչվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ», – ասել է Թրամփը։
Լրագրողները նաև հարցրել են՝ արդյոք նա Վատիկանում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Թրամփը պատասխանել է, որ չգիտի՝ արդյոք Զելենսկին լինելու է հուղարկավորությանը։
Դոնալդ Թրամփը Վատիկան է մեկնելու ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ։ Սա երկրորդ նախագահության ընթացքում Թրամփի առաջին օտարերկրյա այցը կլինի։
Հռոմի պապի հուղարկավորությանն ակնկալվում է աշխարհի տարբեր ղեկավարների ներկայությունը, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Օլաֆ Շոլցի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի։
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նույնպես մասնակցելու է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը, որը կկայանա ապրիլի 26-ին։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը վախճանվել է ապրիլի 21-ին, կաթվածից, 88 տարեկանում։
–00–ԱՀ