«Մեր ձևով» շարժումը կդառնա այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը. Ս. Կարապետյանի ուղերձը

29/08/2025 11:14 Տեսադարան

«Մեր ձևով» կամավորական շարժումը, որի հիմնադրման մասին հայտարարվեց այսօր «Դվին» հյուրանոցում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, ձևավորվել է հստակ գաղափարների շուրջ և մեծ նպատակներ ունի Հայաստանի համար։ Այս մասին ասվում է կալանավորված գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ուղերձում, որը փոխանցեց նախաձեռնության անդամներից Ալիկ Ալեքսանյանը։

«Մեր նպատակն է զարգացնել տնտեսությունը, ստեղծել իրական հնարավորություններ բիզնեսի և հարստացման համար, ամրապնդել ընտանեկան և ազգային արժեքները, վերականգնել Հայաստանի վստահելի գործընկերոջ համբավը, ապահովել արցախցիների արժանապատիվ ապրելու իրավունքը, երիտասարդներին վերադարձնել ապագայի հանդեպ հավատը՝ զարգացնելով կրթական համակարգը, պահպանել ու պաշտպանել մեր սուրբ եկեղեցին։ Մեր ձևով շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը, ու որի կարիքը բոլորն են զգում այսօր»,- նշվում է Սամվել Կարապետյանի ուղերձում։
Հունիսի 18-ին իրավապահները ձերբակալեցին, իսկ դատարանը հետո կալանավորեց խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին սահմանադրական կարգի տապալման կոչի մեղադրանքով միայն այն բանի համար, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, հարցազրույցում ասել էր, որ «մեր ձևով կմիջամտենք» խնդրին, եթե քաղաքական գործիչները չկարողանան իրականացնել այդ գործառույթը։

 

Հետաքրքիր է, որ Կարապետյանի ձերբակալությանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալից գրառումները Կարապետյանի հասցեին, որը փաստաբանները գնահատում են իբրև քննությանն ուղիղ միջամտելու և իրավապահներին ուղղորդելու փորձ։ Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները փոփոխություններ իրականացրին օրենսգրքում և փաստացի Կարապետյան ընտանիքից վերցրին ՀԷՑ-ը կառավարելու գործառույթը՝ նշանակելով ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանին իբրև կառավարիչ։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ԼԱ