Ես այլևս չեմ աշխատի Եղիշե Մելիքյանի հետ, նույնիսկ տեսնել չեմ ուզում նրան. Հարոյան
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան, թիմի ավագ Վարազդատ Հարոյանը շաբաթներ առաջ էր հայտարարել, որ հեռանում է հավաքականից։
Հարոյանը հարցազրույց է տվել Championat.com-ին ու ասել, որ հեռացել է հավաքականի նոր գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ բարդ հարաբերությունների պատճառով։
«Չինաստանից հետո որոշեցի վերադառնալ տուն, մի քանի տարի խաղալ և դանդաղորեն պատրաստվել կարիերայիս ավարտին։ Ես կարոտում էի Հայաստանը, բայց «Փյունիկում» դժվարություններ ունեցա մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ, և Հունգարիան դարձավ կարիերաս շարունակելու առաջին տարբերակը։ Ես ոչինչ չէի սպասում, պարզապես ուզում էի հեռանալ և հայտնվեցի այստեղ։ Ես նրան վաղուց էի ճանաչում, մենք ֆուտբոլ էինք խաղում նաև միմյանց դեմ։ Շատերն ինձ ասում էին, որ միասին չենք աշխատի և այդպես էլ եղավ։ Ես այլևս չեմ աշխատի նրա հետ։ Ես նույնիսկ չեմ ուզում տեսնել նրան։ Իմ կարիերայի ընթացքում շատ մարզիչներ եմ ունեցել, և երբեք խնդիրներ չեմ ունեցել նրանցից ոչ մեկի հետ։ Ես դեռ կապի մեջ եմ նրանցից շատերի հետ։ Միայն երկու մարզիչ կար, որոնց հետ չաշխատեցի, և երկուսն էլ հայ են՝ Եղիշե Մելիքյանն ու Գրիգորի Բաբայանն են»,- հայտարարել է Հարոյանը։
Նա նշել է, թե իր համար անսպասելի է եղել Մելիքյանի նշանակումը Հայաստանի հավաքականում։
«Ոչ ոք չի կարող իմ մասին վատ բան ասել։ Հայաստանն իմ երկիրն է, և ես շատ հայրենասեր եմ, ինչը բոլորը գիտեն։ Բայց ես չեմ ուզում աշխատել այս մարզչի հետ, որովհետև գիտեմ, որ դա չի ստացվի, և նույնիսկ չեմ ուզում փորձել», – ասել է Հարոյանը։
—00—ՄԱ