Դժվարությունը մեծ է լինելու․ Պորտուգալիայի հավաքականը տեսանյութ է հրապարակել Հանրապետականից

05/09/2025 20:37 Սպորտ

Պորտուգալիայի ազգային հավաքականը իր սոցցանցերի էջում տեսանյութ է հրապարակել Հայաստանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից։

Տեսանյութում Պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն ու պաշտպան Ռուբեն Դիաշը խոսում են Հայաստանի և Պորտուգալիայի միջև կայացած նախորդ խաղերի մասին՝ ընդգծելով, որ իրենց հեշտ հանդիպում չի սպասվում։

«Եթե նայենք Պորտուգալիայի և Հայաստանի միջև կայացած խաղերին, ապա դրանք մրցակցային էին։ Հաշվի տարբերությունը միշտ շատ մոտ է եղել։ Որակավորման փուլում մնացել է ընդամենը 6 խաղ։ Դժվարությունը մեծ է լինելու։ Մենք պետք է պատրաստ լինենք պատասխանատվության։ Մենք պետք է լավ սկսենք։

6 խաղից բաղկացած որակավորման փուլում սխալվելու հնարավորություն չկա։ Մենք գիտակցում ենք, որ նրանք կարող են վտանգավոր լինել։ Խաղին մոտենում ենք հարգանքով, քանի որ խաղի մակարդակը լինելու է բարձր ու դժվար»,- ասվում է տեսանյութում։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 20։00-ին։

Armsport