Հայտնի է, թե երբ կվերադառնա խաղադաշտ Լևանդովսկին

10/08/2025 12:15 Սպորտ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի համար դժվար մեկնարկ է սպասվում Լա Լիգայում։ Թիմի առանցքային խաղացող և միակ մաքուր կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ձախ ազդրի մկանային հատվածում անհարմարություն է զգում, ինչը կարող է նրան խանգարել մասնակցել առաջիկա խաղերին։ Ըստ AS-ի տեղեկությունների՝ լեհ ֆուտբոլիստը կարող է բացակայել մինչև սեպտեմբերի կեսերը՝ ազգային հավաքականների խաղերի ընդմիջումից հետո։

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է, որ Լևանդովսկին բաց կթողնի Ժոան Գամպերի գավաթի հանդիպումը, իսկ նրա վերականգնման ընթացքը կորոշի մասնակցությունը Լա Լիգայի մեկնարկային խաղերին։ Չնայած վնասվածքը լուրջ չի թվում, ակումբը զգուշավոր մոտեցում է ցուցաբերում՝ հաշվի առնելով, որ 37-ամյա հարձակվողն արդեն բախվել է նման խնդիրների։

Լևանդովսկին հաստատ բաց կթողնի օգոստոսի 16-ին «Մալյորկայի» դեմ Լա Լիգայի մեկնարկային խաղը։ Նրա մասնակցությունը «Լևանտեի» և «Ռայո Վալյեկանոյի» դեմ հանդիպումներին նույնպես կասկածի տակ է։

Հանսի Ֆլիկը ստիպված կլինի փնտրել այլընտրանքներ կենտրոնական հարձակվողի դիրքում։ Հիմնական թեկնածուն Ֆերան Տորեսն է, սակայն հաշվի է առնվում նաև Մարկուս Ռեշֆորդը, թեև նրա մասնակցությունը Լա Լիգայի առաջին տուրում դեռ հստակ չէ։

Աղբյուրը՝ Armsport.am:

–00—ՅՄ