Գվարդիոլան հաստատել է Ռոդրիի վնասվածքը․ հայտնի է նրա վերադարձի ժամկետը

09/08/2025 21:19 Սպորտ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ թիմի 29-ամյա «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր, կիսապաշտպան Ռոդրին չի կարողանա խաղադաշտ վերադառնալ մինչև սեպտեմբերի կեսերը: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

2024-ի աշնանը Ռոդրին ծնկի խաչաձև կապանի պատռվածք էր ստացել և բաց էր թողել մրցաշրջանի մնացած հատվածը մինչև 2025-ի մայիսի վերջ: Ակումբային աշխարհի առաջնությունում նա մասնակցել էր չորս հանդիպման, սակայն 1/8 եզրափակիչում՝ «Ալ-Հիլալի» դեմ խաղում (3:4), կրկին լուրջ վնասվածք էր ստացել՝ այս անգամ աճուկի հատվածում:

«Ռոդրին արդեն վերականգնման փուլում էր, բայց «Ալ-Հիլալի» դեմ խաղում նա լուրջ վնասվածք ստացավ աճուկի հատվածում: Վերջին օրերին նա սկսել է ավելի լավ մարզվել, և հուսով եմ, որ սեպտեմբերին, ազգային հավաքականների խաղերից հետո, նա կլինի գերազանց մարզավիճակում: Մենք չենք ցանկանում, որ նա խաղա վնասվածքով: Նա պետք է ամբողջությամբ ապաքինվի»,- նշել է Գվարդիոլան Manchester Evening News-ին տված հարցազրույցում:

Գվարդիոլայի խոսքով՝ Ռոդրին չի մասնակցի «Սիթիի» նախամրցաշրջանային վերջին ընկերական խաղին՝ «Պալերմոյի» դեմ, ինչպես նաև ԱՊԼ-ի առաջին երեք հանդիպումներում («Վուլվերհեմփթոն», «Տոտենհեմ» և «Բրայթոն») կօգտագործվի միայն փոխարինման կարգով: Եթե վերականգնումն ընթանա պլանավորվածի պես, Ռոդրին հիմնական կազմում կհայտնվի սեպտեմբերի 14-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ մանչեսթերյան դերբիում: