ՀՀ-ն ներկայացնող մարզիկին ԱԱ-ում անհաջող ցատկից հետո դուրս են բերել Սինգապուրի մարզադաշտից
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

Ռուսաստանցի հայդայվեր Նիկիտա Ֆեդոտովը, որն այժմ ներկայացնում է Հայաստանի հավաքականը, Սինգապուրում անցկացվող աշխարհի առաջնության մրցումների ժամանակ անհաջող ցատկ է կատարել, որից հետո չի կարողացել ինքնուրույն տեղաշարժվել։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին։
Ֆեդոտովը սխալ է թույլ տվել ցատկ կատարելիս և ջուրն է մտել կրծքավանդակով։ Ջրասույզներն անմիջապես դուրս են բերել մարզիկին և փոխանցել բժշկական ծառայությանը։ Բժիշկները Ֆեդոտովին անվասայլակով դուրս են բերել մարզադաշտից։ 30-ամյա հայդայվերը ժեստերով հասկացրել է, որ ամեն բան կարգին է։
ՄՕԿ-ի (Միջազգային օլիմպիական կոմիտեի) կողմից ճանաչված մարզաձևում մրցող պրոֆեսիոնալ հայդայվերները ջուրն են ցատկում 20-27 մետր բարձրությունից։
Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունն անցկացվում է Սինգապուրում հուլիսի 11-ից օգոստոսի 3-ը։ 2023 թվականի փետրվարին Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան (World Aquatics) մրցաշարը տեղափոխեց Կազանից։ Ռուսաստանցի մարզիկները մրցումներին մասնակցում են չեզոք կարգավիճակով։
–00—ՅՄ