Ինձ ասում էին, որ նա շատ լավն է, բայց ես նրան քիչ եմ տեսել․ Ռեալ Սոսյեդադի մարզիչը՝ Զախարյանի մասին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Սերխիո Ֆրանցիսկոն հայտարարել է, որ կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին լսել է միայն դրական կարծիքներ և ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել նրա հետ:
Անցած մրցաշրջանում 22-ամյա Զախարյանը տարբեր վնասվածքների պատճառով «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է ընդամենը չորս հանդիպման՝ բոլոր մրցաշարերում, որոնց ընթացքում խփել է մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում:
– Ճիշտն ասած, ինձ ասում են, որ նա շատ լավ ֆուտբոլիստ է, բայց ես նրան գրեթե չեմ տեսել խաղադաշտում: Երբ մենք եկանք ակումբ, նա հիվանդ էր, հետո մկանային վնասվածք ստացավ, իսկ հիմա վերականգնվում է: Անհամբեր սպասում եմ, որ նա լիարժեք մարզվի թիմի հետ և հնարավորինս շուտ դառնա այն խաղացողը, ում ակումբը տեսնում է նրա մեջ: Նա պետք է դառնա ևս մեկ ֆուտբոլիստ, ով կօգնի մեզ, – Ֆրանցիսկոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: