Սպերցյանը դարձել է ՌՊԼ-ի երկու ամենաթանկարժեք խաղացողներից մեկը

04/06/2025 20:07 Սպորտ

Transfermarkt վիճակագրական պորտալը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի (ՌՊԼ) տվյալները։ Ըստ նոր տեղեկատվության՝ «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի շուկայական արժեքը բարձրացել է 5 միլիոն եվրոյով՝ հասնելով 25 միլիոն եվրոյի։

Այսպիսով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դարձել է ՌՊԼ-ի երկու ամենաթանկարժեք ֆուտբոլիստներից մեկը։ Նույն՝ 25 միլիոն եվրո արժեքով, Transfermarkt-ը գնահատում է նաև «Զենիթի» վինգեր Լուիս Էնրիկեին։

2024/2025 մրցաշրջանի արդյունքներով «Կրասնոդարը» դարձել է Ռուսաստանի չեմպիոն: Հայ ֆուտբոլիստը 28 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Armsport