ՊՍԺ-ի հաղթանակը ՉԼ-ի եզրափակիչում ուղեկցվել է անկարգություններով և միջադեպերով
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Փարիզի ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ 5:0 հաշվով հաղթելով «Ինտերին» Մյունխենում կայացած եզրափակիչում: Սակայն Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, մասնավորապես Փարիզում, տոնակատարությունները վերածվել են լայնածավալ անկարգությունների և ողբերգական միջադեպերի:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անկարգությունների հետևանքով զոհվել է երկու մարդ՝ 17-ամյա պատանի, որը մահացել է դանակի հարվածից, և 23-ամյա երիտասարդ՝ ավտոմեքենայի բախման հետևանքով: Տուժածների ընդհանուր թիվը գերազանցել է 190-ը: Գրենոբլեում ավտոմեքենա է մխրճվել տոնող երկրպագուների խմբի մեջ, ինչի հետևանքով չորս մարդ՝ երկու կին և երկու տղամարդ (17-ից 46 տարեկան), վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վարորդը ձերբակալվել է՝ ինքնակամ հանձնվելով ոստիկանությանը:
Փարիզում ֆուտբոլային խանդավառությունը վերածվել է բռնությունների: Գրանցվել է 692 հրդեհ, որոնցից 264-ը՝ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ: Երկրպագուները վառել են լուսավառ օբյեկտներ և հրավառություն, ինչի հետևանքով ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել արցունքաբեր գազ և պղպեղային լակ: Ելիսեյան դաշտերում արձանագրվել են բախումներ: Երկրի տարածքում իրականացվել է 559 ձերբակալություն, որոնցից 254-ը՝ Փարիզում: Փարիզում այդ գիշեր հերթապահել է շուրջ 5400 ոստիկան:
Խաղի ընթացքում նույնպես խախտումներ են գրանցվել: ՊՍԺ-ի երկրպագուները մարզադաշտում այրել են պիրոտեխնիկա, ինչի արդյունքում Մյունխենի մարզադաշտում առաջացել է խիտ ծուխ: Թեև խաղը չի ընդհատվել, ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել ՊՍԺ-ի և «Ինտերի» նկատմամբ՝ երկրպագուների ոչ պատշաճ վարքի համար:
Աղբյուրը՝ Armsport.am:
–00—ՅՄ