ՊՍԺ-ը պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՉԼ հաղթող

01/06/2025 09:01 Սպորտ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակչում միմյանց դեմ մրցեցին ֆրանսիական ՊՍԺ-ն ու իտալական «Ինտեր»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մյունխենի «Ալյանց Արենա»-ում կայացած խաղի մեկնարկային րոպեներին ՊՍԺ-ն ակնհայտ մեծ առավելութուն ուներ ու հիմնականում տիրում էր նախաձեռնությանը: Ֆրանսիայի չեմպիոնին հաջողվեց հանդիպման հաշիվը բացել 12-րդ րոպեին: Ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեց Աշրաֆ Հակիմին ու առաջ մղեց ՊՍԺ-ին:

Փարիզցիներին հաջողվեց նաև երկրորդ գնդակն ուղարկել «Ինտեր»-ի դարպասն արդեն 20-րդ րոպեին: Արագ հակագրոհը եզրափակեց Դուեն: Վերջինս ամենաերիտասարդ (19 տարեկան) ֆուտբոլիստն է, ով ՉԼ եզրափակիչում դարձավ գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ:

Երկրորդ կեսում «Ինտեր»-ը կարողանում էր վտանգավոր պահեր ստեղծել, բայց ՊՍԺ-ն կրկին օգտվեց արագ հակագրոհից ու 3-րդ գնդակն ուղարկեց «Ինտեր»-ի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Դուեն: Ֆրանսիական ակումբը կարողացավ նաև 4-րդ ու 5-րդ գնդակներն ուղարկել միլանյան ակումբի դարպասը: Նախ դիպուկ հարվածով աչքի ընկավ Խվիչա Կվարացխելիան, այնուհետ՝ Մայուլուն:

ՊՍԺ- «Ինտեր»` 5:0:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 61-րդ րոպեին:

–00—ՅՄ