Հենրիխը ողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը. Ջորկաեֆ

31/05/2025 16:19 Սպորտ

Այսօր՝ մայիսի 31-ին, Մյունխենում կկայանա Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչը, որտեղ կմրցեն ֆրանսիական ՊՍԺ-ն և իտալական «Ինտերը»:

Corriere della Sera-ն հարցազրույց է ունեցել ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Յուրի Ջորկաեֆի հետ, ով խորհրդանշական կերպար է ինչպես ՊՍԺ-ի, այնպես էլ «Ինտերի» երկրպագուների համար: Ջորկաեֆը, ով 1995/96 մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում նվաճել է Գավաթակիրների գավաթը, իսկ 1996-1999 թվականներին «Ինտերի» կազմում դարձել է ՈւԵՖԱ-ի Գավաթի հաղթող (1998)։

Ջորկաեֆի համար այս եզրափակիչը յուրահատուկ է, քանի որ կապված է իր կարիերայի երկու կարևոր ակումբների հետ:

«Սա սրտիս հանդիպումն է: Ես շատ բան եմ արել այս երկու ակումբների համար, բայց հատկապես կարևոր են Իտալիայում անցկացրած տարիներս, որտեղ ծնվել են իմ երկու երեխաները», — նշել է նա:

Ջորկաեֆը ընդգծել է, որ ՊՍԺ-ն ավելի մեծ ճնշման տակ է, քանի որ նրանք դեռ չեն նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը, սակայն «Ինտերն» էլ իր հերթին մոտիվացված է՝ փոխհատուցելու այս մրցաշրջանում Սկուդետտոյի կորուստը:

Ջորկաեֆը ջերմությամբ է խոսել Հենրիխ Մխիթարյանի մասին, հիշելով մի հետաքրքիր պահ․ «Ճիշտ է, ես նրա հետ լուսանկար ունեմ, երբ նա դեռ երեխա էր: Շատ ուրախ եմ Հենրիխ Մխիթարյանի և նրա ընտանիքի համար: Նրանք իսկապես արժեքներով մարդիկ են: Հենրիխը ողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը»,- նշել է Ջորկաեֆը։

–00–ԱՀ