Ա Սերիայում մրցաշրջանի թեժ վերջաբան է սպասվում․ Իրավիճակը վերջին տուրից առաջ

19/05/2025 Սպորտ

Ի տարբերություն մյուս թոփ լիգաների՝ Ա Սերիայում մինչև վերջին տուրը պահպանվում է չեմպիոնական մրցավազքի ինտրիգը։

«Ինտերը» և «Նապոլին» վերջին՝ 38-րդ տուրում կպարզեն Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի չեմպիոնին. վերջին տուրում միլանցիները կհյուրընկալվեն «Կոմոյին», իսկ նեապոլիտանացիները կընդունեն «Կալյարիին»։

Ինձագիի և Կոնտեի թիմերը, ինչպես նաև «Ատալանտան», արդեն իսկ ապահովել են Չեմպիոնների լիգայի ուղեգիր, իսկ ահա վերջին ուղեգրի ճակատագիրը կորոշվի վերջին տուրում․ «Յուվենտուս», «Ռոմա» և «Լացիո»՝ այս թիմերը կմրցեն ուղեգրի համար։ Թուրինյան ակումբն ու «Ռոման» արդեն իսկ նվազագույնն ապահովել են տեղը եվրագավաթներում։ Նշենք, որ «Բոլոնիան» ապահովել է իր տեղը Եվրոպա լիգայում՝ դառնալով Իտալիայի գավաթակիր։

«Ֆիորենտինան» դեռ տեսական հնարավորություն ունի պայքարելու Կոնֆերենցիաների լիգայի ուղեգրի համար, բայց եթե «Լացիոն» պարտվի վերջին տուրում «Լեչեին»։ Հռոմեացիներն իրենց հերթին, իրադարձությունների որոշակի զարգացումների դեպքում (եթե «Յուվենտուսը» և «Ռոման» պարտվեն, իսկ իրենք հաղթեն), կարող է նույնիսկ ՉԼ-ի ուղեգիր նվաճել։ Իսկ ահա «Միլանին» հաջորդ մրցաշրջանում չենք տեսնի եվրագավաթներում։

Առաջնությունն այս պահին լքել է միայն «Մոնցան», իսկ ահա «Վենեցիան», «Լեչեն», «Էմպոլին», «Պարման», քիչ հավանականությամբ՝ նաև «Վերոնան», կմասնակցեն տեղն էլիտայում պահելու համար մրցավազքին։

Աղբյուրը՝ Armsport.am:

–00—ՅՄ