Ռեալի ֆուտբոլիստի դեմ քրեական գործ է հարուցվել. հայտնի են մանրամասները

15/05/2025 18:33 Սպորտ

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Ռաուլ Ասենսիոն և նրա երեք նախկին թիմակիցներ ակումբի երիտասարդական թիմից մեղադրվում են անչափահաս աղջկա մասնակցությամբ ինտիմ տեսանյութ տարածելու մեջ, հաղորդում է Marca-ն։

Իսպանիայի Գրան Կանարիա քաղաքի դատարանը քրեական գործ է հարուցել Ասենսիոյի, ինչպես նաև «սերուցքայինների» երիտասարդական թիմի նախկին խաղացողներ Անդրես Գարսիայի, Ֆերան Ռուիսի և Խուան Ռոդրիգեսի դեմ՝ երկու կանանց, որոնցից մեկը անչափահաս էր, տեսանկարահանելու և առանց նրանց համաձայնության տեսանյութերը տարածելու համար։

Դատարանը միջադեպը որակել է որպես գաղտնիքի բացահայտում առանց համաձայնության և անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում։ Մեղադրանքներն ընդգրկում են տեսանյութերի տարածում և ուղարկում երրորդ կողմերին՝ առանց տուժող կողմի նախազգուշացման կամ համաձայնության, ինչպես նաև անչափահասների ներգրավում կամ օգտագործում պոռնոգրաֆիկ նպատակներով և մանկական պոռնոգրաֆիայի պահպանում։

Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականին։ 2024 թվականի սեպտեմբերին El Confidencial-ը հայտնել էր, որ երիտասարդական թիմի խաղացողները բերման էին ենթարկվել մարզումից առաջ՝ անչափահաս աղջկա մասնակցությամբ սեռական բնույթի տեսանյութ տարածելու պատճառով։ Տուժողի մոր խոսքով՝ ֆուտբոլիստներից մեկը տեսանյութ է նկարահանել իր 16-ամյա դստեր հետ, ապա տարածել այն Messenger-ի միջոցով։

–00—ՅՄ