Ծառուկյանը գրեփլինգի գոտեմարտում վստահ հաղթանակ տարավ Մախաչևի թիմակցի նկատմամբ

03/05/2025 Սպորտ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը Դուբայում ընթացող Karate Combat 54 գրեփլինգի մրցաշարում պարտության մատնեց ռուս մարզիկ Մագոմեդ Զայնուկովին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Մենամարտը տեղի է ունեցել մինչև 79.4 կգ բանակցային քաշային կարգում։ Երկու հինգ րոպեանոց ռաունդ տևած մենամարտում Ծառուկյանը միաձայն որոշմամբ հաղթեց UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի թիմակցին։

Մենամարտից հետո Արմանը շնորհակալություն հայտնեց երկրպագուներին աջակցության համար և նշեց, որ չի բացառում այս մրցաշարին կրկին մասնակցելու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ UFC-ի մարտիկներին թույլատրվում է մասնակցել կազմակերպության սահմաններից դուրս գրեփլինգի մրցումներին։

«Ես մեկ տարի չէի մենամարտել, ուստի ուրախ էի ընդունել մարտահրավերը։ Նա դժվար մրցակից էր, մենք գիտենք, թե ինչ ուժեղ թիմից է նա։ Բայց ամբողջ տասը րոպեների ընթացքում ես փորձում էի հարձակվել, իսկ նա փորձում էր խուսափել ինձնից», – մենամարտից հետո ասաց Արման Ծառուկյանը։

–00–ԱՀ