Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Սլովակիայում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կարիերայում չորրորդ անգամ արժանացել էր չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 3։1 հաշվով վստահ առավելության հասնելով վրացի Ռամազ Զոյձեի նկատմամբ։
Այս գոտեմարտն ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքներով ճանաչվել է մրցաշարի լավագույն դրվագը:
«Եվրոպայի առաջնության Ամենամեծ պահը. Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը նվաճելուց հետո իր առաջին մրցումներում Մալխաս ԱՄՈՅԱՆԸ հաղթեց աշխարհի երեք մեդալակիրների՝ իր չորրորդ անընդմեջ Եվրոպայի տիտղոսը նվաճելու ճանապարհին:
Երկրպագուները ձայների 37% հարաբերակցությամբ ընտրել են Ամոյանի հաղթանակը որպես հունահռոմեական մրցաշարի լավագույն պահ»,- ասվում է UWW-ի տարածած հաղորդագրության մեջ:
–00–ԱՀ