Արցախահայության ազատության ու պետականութան համար պայքարում 12 ազատամարտիկներ զոհվեցին Աստղաշենում
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Արցախի թեմը հիշատակել է Ադրբեջանի կողմից օկուպացված Աստղաշենը։
Աստղաշենը գտնվում է ԱՀ կենտրոնական հատվածում՝ Ասկերանի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Խաչեն գավառում:
Գյուղի շրջակայքում Ք. ա. 2–1–ին հազարամյակներից մնացած դամբարանները, միջնադարյան տապանաքարերը վկայում են, որ հնագույն ժամանակներից քննության առարկա տարածքը բնակեցված է եղել: Տեսակետ կա, որ նախկինում բնակավայրը անվանվել է Քարաղբյուր: Գյուղում պահպանվում են Փռնգյուլանց Սուրբ, Խաչին տակ, Կապեն խաչ, Չիմանեն խաչ, Յերե նահատակ կամ Խաչին դոշ սրբավայրերը:
Ղարաբաղի խանության շրջանում գյուղը թարգմանաբար վերանվանվել էր Դաշբուլաղ:
18–րդ դարում գյուղում կառուցվել էր Ֆրանգյուլի վանքը, 1898 թ.` Սբ. Գևորգ եկեղեցին: 1898 թ. օգոստոսի 24–ին բնակավայր էր ժամանել Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը: Եկեղեցու մուտքի պատին պահպանվում էր Ամենայն Հայոց կաթողիկոսի այցի մասին վկայող արձանագիր քարը:
19–րդ դարի 90–ական թվականներին գյուղում կար 136 տուն, 1124 բնակիչ:
1917–1920 թթ. արցախահայ պետականության վերակերտողներից, ով նաև Ազգային խորհրդի առաջին նախագահն էր, ծագումով աստղաշենցի Հայրապետ Մուսայելյանն էր: 1919 թ. ապրիլի 29–ին Աստղաշենում է կայացել է արցախահայության 5–րդ համագումարը:
1920 թ. գյուղում կար 450 տուն, 1600 բնակիչ: Այն ԼՂԻՄ խոշոր բնակավայրերից էր:
Հայրենական մեծ պատերազմին Դաշբուլաղից մասնակցել է 400 մարդ, զոհվել է 124–ը: Նրանց հիշատակին գյուղում հուշարձան է կանգնեցվել:
Արցախյան ազատագրական շարժման առաջին շրջանում` 1989–1990 թվականներին, գյուղում ինքնապաշտպանական ջոկատ է ստեղծվել։ Արցախահայության ազատության ու պետականութան համար պայքարում 12 ազատամարտիկներ զոհվել են: Գյուղում նահատակների հիշատակը հավերժացնող կոթող է կառուցվել:
1887–88 ուսումնական տարում Դաշբուլաղում ծխական եկեղեցական դպրոց էր բացվել: Խորհրդային տարիներին գյուղում կար ութամյա դպրոց, որը հետագայում միջնակարգի կարգավիճակ ստացավ։ 2014 թ. գյուղում դպրոցական նոր շենք է կառուցվել: 1996 թ. հունվարի 31–ին գյուղը վերանվանվել է Աստղաշենի: Բնակավայրի աղբյուրներն են` Քարե, Ալեքսանի, Պլպլան, Վերին, Նապաստակի, Վանուն, Ալիսանի, Քրամի, Վետանց, Ղշլաղեն, Մոսունց ծորին: Աստղաշենի ազգատոհմերն են` Լելունք, Նեսունք, Դադաշանք, Գյուզողանք, Անդրունք, Բուդաղանք, Հաբունք, Բոզունք, Քիդունք, Կոծունք, Մեժունք, Ուղղակունք, Բագրատանք, Կքորանք, Սվարանք, Ըղվալանք, Քոշունք, Թլիշանք, Վերդյաններ, Կարապետյաններ, Խաչատրյաններ, Ղահրամանյաններ, Ղազարյաններ, Ջհանգիրյաններ, Բաբայաններ, Պետրոսյաններ, Գրիգորյաններ, Սարգսյաններ, Աղաբալյաններ, Աղայաններ: Աստղաշենում 1987 թ. կար 208 տուն, 703 բանկիչ (նրանց մի մասը ադրբեջանցիներ էին), 2010 թ.՝ 128 տուն, 505 բնակիչ, 2018 թ.` 138 տուն, 512 բնակիչ:
—00—ՍՊ