Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախում չնշվեց սեպտեմբերի 1-ը

01/09/2025 19:31 Արցախ

«Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն» Հովիկ Ավանեսովը գրում է․

Սեպտեմբերի 1-ին մեկնարկում է նոր ուսումնական տարին։ Սակայն Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի ուսումնական հաստատություններում այն չի մեկնարկի։

Արցախի ուսումնական հաստատությունները, ինչպես և Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ։ Իսկ իրեն «քաղաքակիրթ» համարվող միջազգային հանրությունը բավարարվում է միայն արարողակարգային հայտարարություններով` դառնալով Բաքվի բռնապետական վարչախմբի հանցակիցը։ Եվ մինչ միջազգային հանրությունն իր լուռ անտարբերությամբ խրախուսում է ադրբեջանցիների ` մարդկային քաղաքակրթության թշնամի լինելու բնույթը, չդատապարտված ցեղասպանությունները տարածաշրջանում ծնում են մարդկության հանդեպ նոր հանցագործություններ, որոնցից մեկը մեզանից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գազան է։

Հիշեցնենք, որ Երկրորդ աշխարհամարտը ևս սկսվեց սեպտեմբերի 1-ին, երբ Նացիստական Գերմանիան ներխուժեց Լեհաստան…

Պատմությունը միշտ կրկնվելու միտում ունի։

–00—ՍՊ