Օկուպացված Այգեստանը հարուստ էր հազարամյակներին վերաբերող դամբարանադաշտերով․ այն հայաթափվեց ու լքվեց

27/08/2025 21:27 Արցախ
Արցախի թեմը անդրադարձել է օկուպացված Արցախի Այգեստան բնակավայրին։

Բնակավայրը գտնվում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից 5 կմ հյուսիս՝ Խաչախութ լեռնաշղթայի փեշերին, Բալլուջա գետակի ձախ ափին։ Նախկինում անվանվել է Պալլուջա, 1995-ից՝ Այգեստան։

Գյուղի տարածքում պահպանվել են Ք.ա. 2–1-ին հազարամյակներին վերաբերող դամբարանադաշտեր, ինչպես նաև միջնադարյան գյուղատեղիների հետքեր։ Գյուղից հյուսիս գտնվում է Երեշեն հին գյուղի հանգստարանը: Ամենայն հավանականությամբ ներքին և արտաքին անբարենպաստ գործոնների ազդեցության տակ հին գյուղերը ավերվել են և բնակիչները հիմնել են նոր գյուղ, որն անվանել են Պալլուջա: Ժամանակին այն անվանվել է նաև Մեծ Խմհատ: Արդեն 1667 թ. սկզբնաղբյուրներում ներկայիս գյուղը արդեն հիշատակվում է Պալլուճա անվամբ:

Աշխարհագրական հարմարավետ դիրքը, դաշտավայրին մոտ լինելու և Վարանդան Խաչենի հետ կապող հանգուցակետում լինելու հանգամանքը նպաստել է գյուղի բարգավաճմանը: Արդեն 19–րդ դարի վերջերին Պալլուճայում կար 160 ծուխ, 982 բնակիչ, որից 550–ն արական սեռի, իսկ 432–ն՝ իգական:

Հայրենական մեծ պատերազմին Այգեստանից մասնակցել է 310 մարդ, որից 151-ը զոհվել են։ Նրանց հիշատակին գյուղում կանգնեցվել էր հուշարձան:

Այգեստանի ազգաբնակչությունն անուրանալի դերակատարություն է ունեցել արցախահայության ազատագրական պայքարում և Արցախի Հանրապետության կայացման գործում: Այգեստանի ազատամարտիկները իրենց հերոսական կենսագրությունն են կերտել արցախյան պատերազմի տարբեր ճակատներում: Նրանցից 28 հոգի իրենց կյանքն են նվիրել հայրենիքի պաշտանության սուրբ գործին:

Մինչև 1873 թվականը Այգեստանում գործել է նախակրթարան: 1873 թ. գյուղն ուներ ծխական դպրոց, որտեղ սովորում էր 18 աշակերտ, դասավանդում՝ 1 ուսուցիչ: 1884 թ. գյուղում բացվել է մեկդասյա ծխական դպրոց, որն ուներ 2 բաժանմունք: 1887–88 ուսումնական տարում դպրոցում սովորում էր 45 աշակերտ, որից 13–ը՝ աղջիկներ, դասավանդում էին 2 ուսուցիչներ: 1903 թ. ցարական կառավարության կողմից փակվում է դպրոցը: Այն վերաբացվել է 1907 թ. բաքվաբնակ Աբրահամ Նասիբյանի միջոցներով: Մեկդասյա երկսեռ դպրոցն ուներ 3 բաժանմունք, 95 աշակերտ, որոնից 15–ը աղջիկներ էին: Ուսուցիչներն էին Հակոբ Հակոբյանն ու Առաքել Առաքելյանը (նշանավոր գրականագետ – Վ.Բ․):

Խորհրդային տարիներին Այգեստանում գործել է միջնակարգ դպրոց: 1988–1991 թթ. դպրոցում սովորում էր 160–170 աշակերտ: 2015 թ. տվյալներով դպրոցում սովորում էր 183 աշակերտ, դասավանդում՝ 26 ուսուցիչ: Գյուղում գործում են դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժկետ։ 2018-ի տվյալներով Այգեստանն ուներ 280 տուն և 1080 բնակիչ։ Այգեստանում և նրա շրջակայքում պահպանվել են պատմամշակութային հուշարձաններ, մասնավորապես Ք. ա. 2–1–ին հազարամյակների դամբարաններ, 12–13–րդ դարերից մնացած գյուղատեղիների մնացորդներ, հին գերեզմանոցներ, Փռշնի նահատակ սրբատեղին (12–13–րդ դարեր), Թամցի եկեղեցին (12–13–րդ դար), Սբ. Վանեսի (Հովհաննեսի) եկեղեցին (18–րդ դար), Սբ. Հովհաննես եկեղեցու ավերակները, 1850 թ. կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին: 2018 թ. տվյալներով Այգեստանում կար 280 տուն, 1080 բնակիչ։

2023 թ․ սեպտեմբերին Արցախի ողջ տարածքի բռնազավթման և արցախահայության բռնատեղահանության արդյունքում բնակավայրը ամբողջությամբ հայաթափվել է։

–00—ՍՊ