Մեծ հանրահավաք. միավորվել Արցախի շուրջ եւ Արցախի հարցը դարձնել համահայկական օրակարգ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Ինչպես նշվել է Արցախցիների իրավունքների պաշտպանության Խորհրդի մամլո ասուլիսներում և ինչպես վկայում են վերջին շաբաթների հանդիպումները արցախցի մեր հայրենակիցների հետ՝ մեր ժողովուրդը վճռական է և պատրաստ պայքարի։
Այս վճռականությունը հստակ ուղերձ է։ ԱԻՊ Խորհուրդը հայտարարում է՝
ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
Մեր պայքարի նոր փուլը սկսում է Հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին՝ խորհրդանշական Ազատության հրապարակից։ Այստեղից երթով շարժվելու ենք դեպի համապատասխան պետական հաստատություններ և իրականացվելու են զանգվածային անհնազանդության ակցիաներ։
Մենք հաստատակամ ենք մեր խոստումներում և չենք շեղվելու մեզ հանձն առած ուղուց։ Մեր անելիքների մանրամասները կհայտնենք ինչպես հարցազրույցների ընթացքում, այնպես էլ տեղում՝ անմիջական շփման ձևաչափով։
Մեր նպատակն է՝ ապահովել համախմբված, համակարգված և արդյունավետ համագործակցություն՝ հանուն ընդհանուր նպատակի։
Մենք կոչ ենք անում՝
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, Սփյուռքի բոլոր կազմակերպություններին, արցախյան և հայաստանյան հասարակական կազմակերպություններին ու քաղաքական ուժերին, Արցախի իշխանություններին և համայն հայ ժողովրդին՝
Միավորվել Արցախի գաղափարի շուրջ
և Արցախի հարցը դարձնել ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ։
Մեր օրակարգը պաշտպանողները պիտի լինեն մեզ հետ, մեր կողքին։
Հիշենք՝ 1988-ին, նույն ոգով, նույն գաղափարով, նույն վճռականությամբ Արցախի զարթոնքը սկսվեց ժողովրդի ընդվզմամբ։
Այսօր այդ նույն ոգին արթուն է։
Միասին՝ հանուն Արցախի, հանուն մեր իրավունքների, հանուն հայ ժողովրդի
Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհուրդ