Արցախի խորհրդարանը նոր նախագահ ունի․ գերեվարված Դավիթ Իշխանյանին կփոխարինի Աշոտ Դանիելյանը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

24News-ի տեղեկություններով, Արցախի խորհրդարանի նիստում Բաքվում գերության մեջ գտնվող Դավիթ Իշխանյանի փոխարեն ԱԺ նախագահ է ընտրվել պատգամավոր Աշոտ Դանիելյանը: ԱԺ նիստին մասնակցել են բոլոր 5 խմբակցությունները, 28 պատգամավոր, նա ընտրվել է միաձայն:
Դանիելյանը Արցախի ԱԺ պատգամավոր էր ընտրվել նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» դաշինքի ցանկով, սակայն հայտնի իրադարձությունների ժամանակ չի ողջունել նրա՝ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայնությունը:
Արդեն Երևանում Դանիելյանը բազմիցս հանդես է եկել հրապարակային ելույթներով՝ ծանր քննադատության ենթարկելով իշխանության քաղաքականությունն Արցախի հարցում:
Արցախի ԱԺ խոսնակի ժ/պ Գագիկ Բաղունցը, ըստ մեր տեղեկությունների, շարունակելու է փոխնախագահի պարտականությունները:
24News-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանն արդեն հրապարակումից հետո հաստատեց մեր տեղեկությունը:
–00—ՍՊ