120․000 բռնահանված արցախահայեր զրկված են իրենց թանգարաններ այցելելու իրավունից
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է, իսկ օրվա խորագիրը՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում»։
«Այսօր, երբ աշխարհի ավելի քան 160 երկրներում նշվում է թանգարանների միջազգային օրը, Արցախի Հանրապետության թանգարանները, իրենց հազարավոր արժեքներով ու ցուցանմուշներով օտարված են սեփական ժողովրդից։
Բռնի տեղահանության պատճառով շուրջ 120․000 արցախահայեր զրկված են իրենց թանգարաններ այցելելու, սեփական պատմության ու մշակույթի լավագույն արժեքների հետ հաղորդակցվելու և դրանցով սերունդներին կրթելու իրավունից։
Մինչ 2020 թվականի 6 շաբաթյա պատերազմը և 2023-ի Արցախի ամբողջական հայաթափումը Արցախի Հանրապետության տարածքում գործում էին շուրջ երեք տասնակի հասնող պետական ու մասնավոր թանգարաններ ու ցուցասրահներ:
Շուշին, որպես Արցախի մշակութային կենտրոն հագեցած էր թանգարանային մեծ ֆոնդով․ այստեղ էին գործում էին գործում «Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը», «Շուշիի պատմության թանգարանը», «Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը», «Շուշիի գորգերի մասնավոր թանգարանը», «Շուշիի հայկական դրամի մասնավոր թանգարանը», Նարեկացի արվեստների միությունը՝ իր բացառիկ հավաքածուներով, Արվեստի կենտրոնի թանգարանը, Արցախյան առաջին պատերազմի հերոս, ազատամարտիկ-հրամանատար Վարդան Ստեփանյանի (Դուշման) տուն-թանգարանը։
Կարևոր նշանակության թանգարաններից էին Ստեփանակերտում գտնվող «Արցախի պետական երկրագիտական թանգարանը», «Զոհված ազատամարտիկների հարազատների միություն թանգարանը», «Անհետ կորած ազատամարտիկների թանգարանը»։
Առանցքային նշանակության էին «Տիգրանակերտ» պատմահնագիտական պետական արգելոց թանգարանը, «Տողի Մելիքական ապարանք»-ը։
Հադրութում էր գտնվում «Արթուր Մկրտչյանի անվան երկրագիտական թանգարանը», իսկ Տումի գյուղում՝ դրա մասնաճյուղ «Թևան Ստեփանյանի անվան թանգարանը»։ Հադրութի Մեծ Թաղեր գյուղում էր գտնվում ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի (Խուդյակով) տուն թանգարանը։
Արժեքավոր հավաքածուներով հարուստ էին նաև Ասկերանի, Մարտունիի, Քաշաթաղի, Քարվաճառի պատմաերկրագիտական թանգարանները, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի հուշարձան-թանգարանը, Մարտակերտի փառքի սրահը, Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում՝ հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանի թանգարանը և այլն։
Հարկ է նշել, որ Արցախի մի շարք թանգարաններ, մինչ 2020 թվականի պատերազմը և դրան հետևող բռնի տեղահանումը մասնակցում էին «Թանգարանային գիշեր» տոնակատարությանը՝ բացելով իրենց դռները հասարակության առջև, իսկ մայիսի 18-ին տոնում էին թանգարանների միջազգային օրը՝ կազմակերպելով մշակութային ու կրթական միջոցառումներ։
2020թ. ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Շուշիի անկման հետևանքով դադարեցին գործել Շուշիի թանգարանները, իսկ քանդակների պուրակի 5 տասնակից ավել քանդակները անհետացել են։ Ադրբեջանցի զինվորականների թիրախում է հայտնվել Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը, ոչնչացվել է Հադրութի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը, պայթեցվել է Արթուր Մկրտչյանի անվան երկրագիտական թանգարանը, ոչնչացված է Արմենակ Խանփերյանցի (Խուդյակով) տուն-թանգարանը։
«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է Արցախի ժողովրդին պատկանող թանգարանային նմուշների ոչնչացումն ու թալանը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը երաշխավորել բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքը և պաշտպանել իրենց մշակութային կենտրոններ մուտքի և դրանց հետ հաղորդակցման հիմնարար իրավունքը՝ ամրագրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ և ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի» 15-րդ հոդվածներով»,- նշված է ԼՂ փախստականների իրավապաշտպան միության հայտարարության մեջ
–00—ՍՊ