Արցախի մշակութային ժառանգությունը՝ բռնազավթման, յուրացման և ջնջման պետական քաղաքականության թիրախում

17/05/2025 Արցախ

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․

«Յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը՝ ամենամյա տոն, որի պաշտոնական նպատակն է ընդգծել թանգարանների դերն ու նշանակությունը հասարակության զարգացման, ինչպես նաև՝ մշակութային ժառանգության պահպանման և տարածման գործում։ Այս նախաձեռնությունը հիմնադրվել է 1977 թվականի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) 11-րդ գլխավոր համաժողովի ընթացքում։ 1978 թվականից ի վեր օրը նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։

1992 թվականից սկսած՝ Թանգարանների միջազգային օրը յուրաքանչյուր տարի ունենում է որոշակի թեմա, որը կոչված է համախմբելու թանգարանային համայնքը և խթանելու մշակութային ինստիտուտների ակտիվ մասնակցությունը համաշխարհային գործընթացներին։ Սակայն այս խորհրդանշական նախաձեռնությունները հաճախ անզոր են իրական ազդեցություն ունենալու՝ հատկապես այն պարագայում, երբ մշակութային ժառանգությունը հայտնվում է բռնազավթման, մշակութային յուրացման և ջնջման պետական քաղաքականության թիրախում։

Այս մասին ամենաակնառու վկայությունն է բռնազավթված Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող պետական մակարդակի մշակութային ցեղասպանությունը, որն իր ծավալներով հանդիսանում է 21-րդ դարի ամենալուրջ սպառնալիքներից մեկը՝ ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության համար։

Հազարամյակների պատմություն ունեցող և համաշխարհային քաղաքակրթության բնօրրաններից մեկը հանդիսացող Արցախը տարիներ շարունակ ակտիվորեն մասնակցել է Թանգարանների միջազգային օրվան՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, գիտաժողովներ, կրթական ծրագրեր ու մշակութային միջոցառումներ՝ նպատակ ունենալով ներկայացնել իր հարուստ և բազմաշերտ ժառանգությունը։

Սակայն 2023 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումից հետո, Արցախի շուրջ 28 պետական և մասնավոր թանգարաններն ու հավաքածուները՝ իրենց հնագիտական, պատմական, ազգագրական և գեղարվեստական բացառիկ նմուշներով, զրկվեցին ոչ միայն այդ օրը նշելու իրավունքից, այլև հայտնվեցին յուրացման, կեղծման և նպատակային ոչնչացման իրական սպառնալիքի առաջ։ Այս թանգարանները փաստացի լռեցվել են, իսկ նրանց հավաքածուները՝ կանգնած են ոչնչացման եզրին։

Արցախի մշակութային ժառանգությունը, որը պատկանում է ոչ միայն հայ ժողովրդին, այլև ունի համամարդկային արժեք, բռնազավթվել է մի արհեստածին պետության կողմից, որը տարիներ շարունակ իրականացնում է հայկական հիշողության համակարգված ոչնչացման պետական քաղաքականություն՝ պատմության աղավաղման, պատմա-ճարտարապետական հուշարձանների «վերագրման» ու ֆիզիկական ոչնչացման միջոցով։

Թանգարանների միջազգային օրն այս իրողությունների պայմաններում պետք է դադարի լինելու միայն հանդիսավոր միջոցառումների առիթ։ Այն պետք է դառնա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու կարևորագույն օրերից մեկը, երբ բարձրաձայնվում են մշակութային ահազանգերը՝ ի պաշտպանություն նրանց, որոնց ձայնը լռեցվել է, իսկ ժառանգությունը՝ գտնվում է ոչնչացման վտանգի տակ»:

–00—ՍՊ