Արցախի բռնազավթումից հետո արցախյան մամուլը զրկվեց ազատ գործելու իր իրավունքից

03/05/2025 Արցախ

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը Մամուլի միջազգային օրվա առթիվ գրել է.

«Մամուլը ցանկացած ազատ հասարակության սյուներից է, իսկ լրագրողի առաքելությունը՝ անփոխարինելի։ Ցավով պիտի նշեմ, որ այսօր, երբ աշխարհը նշում է ազատ մամուլի կարևորության օրը, մենք կանգնած ենք ողբերգական իրողության առաջ. Արցախի բռնազավթումից հետո արցախյան մամուլը զրկվեց ազատ գործելու իր իրավունքից։ Այդ կորուստը ծանր հարված է ոչ միայն Արցախի ժողովրդի, այլև համաշխարհային ազատ մամուլի համար։ Լռեց այն ձայնը, որ պաշտպանել էր Արցախի ինքնությունը, կերտել էր ազատ ու անկախ մտածողություն և պայքարել էր արդարության համար: Այսօր Արցախում վտանգված է մի ամբողջ քաղաքակրթական ժառանգություն, որը միջազգային մամուլին հասցնելը, դրա մասին շարունակ բարձրաձայնելը մեր կարևոր առաքելությունը պիտի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չի պատժվել ցեղասպան պետությունը։ Արցախում նոր տներ կառուցել կարող ենք, երբ էլ վերաազատագրենք մեր սրբազան Հայրենիքը։ Բայց անհնարին է հազարամյակները հետ շրջել ու նորից կառուցել Ամարասը, Դադիվանքը և մեր մյուս պատմական կոթողները, որոնք դեռ հնարավոր է փրկել ու պաշտպանել բարբարոս երկրից, ում քաղաքական օրակարգը մեր ազգի մշակութային հետքերը ջնջելն է։

Սա պայքար է, որին մենք հետամուտ ենք, և այն կանգ չի առնելու։
Այս դժվարին օրերին մեր պարտքն է լինել առավել վճռական՝ պահելու և պաշտպանելու ազատ խոսքը՝ ի պատիվ նրանց, ովքեր չեն կարող այսօր խոսել: Մեր միասնական ձայնը պիտի դառնա հենարան նրանց համար, ում ձայնը փորձում են լռեցնել:

Մաղթում եմ ձեզ ամուր կամք, արհեստավարժություն և նվիրում՝ շարունակելու ձեր կարևոր առաքելությունը հանուն ճշմարտության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության:

Թող Մամուլի միջազգային օրը ոգեշնչի բոլորիս նորանոր հաղթանակների և արդարության հաստատման համար պայքարում»: