Լուծումներ կառաջարկվեն արցախցիների իրավունքների պաշտպանության համար
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից հաստատված մասնագիտական խմբերը կսկսեն իրենց աշխատանքը
Ինչպես հայտարարվել է ապրիլի 29-ին տեղի ունեցած՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչների մամուլի ասուլիսում, որոշակի հաջողությունների հասնելուց և լայն հանրային քննարկումներից հետո Խորհուրդը որոշել է։
Մասնավորապես, ՀՀ կառավարության հետ երկար ու մանրամասն բանակցությունների արդյունքում կձևավորվեն փորձագիտական խմբեր, որոնց կողմից կտարվեն բանակցություններ նախօրոք համաձայնեցված հարցերի շուրջ և համապարփակ լուծումներ կառաջարկվեն ՀՀ-ում արցախցիների իրավունքների պաշտպանության և հրատապ հիմնախնդիրների կարգավորման համար: Կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հիմնարար բարեփոխման կենթարկվեն բնակարանային և զբաղվածության ծրագրերը, ինչպես նաև լուծում կտրվեն մի շարք այլ իրավական ու սոցիալական խնդիրների:
Փորձագիտական աշխատանքների ամփոփման համար պատշաճ ժամանակ ունենալու նպատակով՝ կառավարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել երկու ամսով երկարաձգելու ապրիլի մեկից դադարեցված բնակվարձի աջակցության ծրագիրը՝ ամսական 40,000 դրամի չափով: Փաստացի կարող ենք արձանագրել, որ Կառավարության ապրիլի 30-ի նիստում արցախցիների սոցիալական աջակցության երկարաձգման որոշման հաստատմամբ Կառավարությունը կատարել է տրված խոստման առաջին մասը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ձևավորված փորձագիտական խմբերի կողմից պարբերաբար հանրային հաշվետվություններ կներկայացվեն իրականացված աշխատանքների վերաբերյալ։
Հաշվի առնելով մարտի 29-ի մեծ հանրահավաքով մեկնարկած պայքարի որոշակի դրական արդյունքները, աշխատանքային ռեժիմի անցման անհրաժեշտությունը, ինչպես նաև ունեցած ռեսուրսների վերաբաշխման հետ կապված հարցերը՝ Խորհուրդը որոշում է կայացրել հանել Ազատության հրապարակում տեղադրված վրանը և տեղափոխվել Երևանում ԱՀ մշտական ներկայացուցչության շենք՝ Նաիրի Զարյան 17Ա հասցեում:
Այնուամենայնիվ, Խորհուրդը հայտարարում է, որ չի բացառում ցանկացած պահի փողոցային պայքարի վերադառնալու և ավելի կոշտ գործողությունների դիմելու հնարավորությունը, եթե ՀՀ կառավարության կողմից բավարար քայլեր չձեռնարկվեն արցախցիների իրավունքների պաշտպանության համար:
Միևնույն ժամանակ Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ կառավարությունը որևէ քաղաքական կամք չի ցուցաբերել մարտի 29-ին հրապարակված պահանջագրի մի շարք կետերի մասով նույնիսկ բովանդակային քննարկումներ իրականացնելու ուղղությամբ: Այդ առումով Խորհուրդը շարունակելու է իր ջանքերը բոլոր կետերի կատարման նպատակով՝ առաջնահերթ ուշադրության տակ պահելով հրատապ խնդիրների լուծումը՝ միտված Մայր Հայաստանում Արցախի ժողովրդի արժանապատիվ ու կայուն կեցության ապահովմանը:
–00—ՍՊ