ԱԺ-ում քննարկվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ համաձայնագրի կիրարկման գործընթացը

19/09/2025 20:36 Քաղաքական

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության անդամ Ինգեբորգ Թեր Լաակի եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Յակոբ Վյոլենշտայնի հետ:

Ողջունելով հյուրերին՝ Արման Եղոյանն արժեւորել է հիմնադրամի հետ երկարատեւ ու սերտ համագործակցությունը: Հյուրերի խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրել է եվրաինտեգրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս համատեքստում կարեւորվել է ԵՄ անդամ կամ անդամության թեկնածուի կարգավիճակ ունեցող երկրների փորձի ուսումնասիրումը: Արման Եղոյանը խոսել է նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկման գործընթացի վերաբերյալ:

Քննարկվել են ՀՀ-ԵՄ ընդլայնվող կապերի շրջանակում երկկողմ փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին:

Հանդիպմանը ներկա է եղել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի երեւանյան գրասենյակի նախագծի ղեկավար Լիանա Մարուքյանը:

 

 

–00—ՍՊ