Իշխանափոխությունից հետո խեղդելու ենք արատավոր բարքերը, կանանց մասնակցությունը խրախուսելու ենք
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ համապետական ընտրական ցուցակի առաջին համարից սկսած՝ յուրաքանչյուր եռյակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը (այսինքն՝ յուրաքանչյուր եռյակում առնվազն մեկ թեկնածու պետք է լինի հակառակ սեռից)։ Այս մասին գրում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Մինչ այս օրենսդրական փոփոխությունը ցուցակի անցողիկ համարներում հիմնականում ընդգրկվում էին միայն տղամարդիկ, իսկ կանայք ներառվում էին վերջին տեղերում։ Արդյունքում՝ կանայք հաճախ զրկվում էին քաղաքական գործընթացներին մասնակցելու իրական հնարավորությունից։
Ժամանակին անձամբ իմ կողմից մեծ աշխատանք է տարվել, որպեսզի այս և այլ դրույթներ, որոնք մեծացնում են կանանց մասնակցության և որոշումներ կայացնելու հնարավորությունները, ամրագրվեն ՀՀ Ընտրական օրենսգրքում։ Կային ակնկալիքներ, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո այդ գաղափարները կզարգանան, և կանանց դերը քաղաքական դաշտում կուժեղանա։
Սակայն օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը (ՔՊ խմբակցության երկրորդ մարդը) լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմադիր կին պատգամավոր Թագուհի Թովմասյանին, հայտարարել էր․
«Դուք լրագրող եք բոլորդ, ոչ մեկը երեք-չորս հատ տուն չունեք չէ՞ Հյուսիսային պողոտայում։ Թող ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որ հասկանանք՝ էդ չորս տունը որտեղից ունի»։
Նմանատիպ հայտարարությունները լուրջ հարված են հասցնում Հայաստանի Հանրապետության առանց այն էլ հիվանդ քաղաքական համակարգին, որն արդեն իսկ ճգնաժամային վիճակում է։ Բազմաթիվ կանայք, տեսնելով իշխանական պատգամավորի անպատշաճ վարքագիծը՝ հայհոյախառն և սեռական բնույթի վիրավորանքները կին գործընկերոջ հասցեին, կհրաժարվեն քաղաքականությամբ զբաղվելու, պետության որոշումների կայացմանը մասնակցելու մտքից։
Այդ պահվածքը մինչ այս պահը ՔՊ վարչության նախագահի՝ վարչապետ Փաշինյանի կողմից չի դատապարտվել, ինչը հավասար է խրախուսման։
Ձևավորվում է իրավիճակ, երբ իշխանության ներկայացուցիչները հրապարակավ հնչեցնում են նողկալի և ստորացուցիչ խոսքեր կին պատգամավորների հասցեին և մնում անպատիժ։
Հայաստանում քաղաքականությունը առանց այն էլ գրավիչ չէ կանանց համար, իսկ նմանատիպ արտահայտությունները կին պատգամավորի հասցեին էլ ավելի վանող են դարձնում այդ ոլորտը։ Պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ իշխանափոխությունից հետո այս արատավոր բարքերը բնում խեղդելու ենք, իսկ կանանց մասնակցությունը մեր պետության քաղաքական կյանքում խրախուսելու ենք բոլոր մակարդակներում»։
–00—ՅՄ