Կոչ ենք անում միավորվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ․ «Պատիվ ունեմ»

16/09/2025 12:06 Քաղաքական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծ է ներկայացրել․

Պետությունը՝ ի դեմս գործող կառավարության, լրջորեն ձախողել է Արցախից բռնի տեղահանված ավելի քան 140,000 մեր հայրենակիցների սոցիալական պաշտպանվածությանը, հումանիտար աջակցմանը և երկարաժամկետ ինտեգրման քաղաքականությանը միտված ծրագրերը։ Չկան ամբողջական ռազմավարական մոտեցումներ և տեղային համակարգված ծրագրեր, որոնք կապահովեն նրանց կենսապահովման նվազագույն պայմանները, աշխատանքի և կրթության հասանելիությունը, բժշկական և սոցիալական ծառայությունները։ Այս իրավիճակը ոչ միայն խորացնում է փախստականների մարդկային ողբերգությունը, այլև ցույց է տալիս պետության անպատրաստ լինելը ազգային ճգնաժամերին համարժեք արձագանքելու առումով։

Բոլոր ուղղություններով այս համապարփակ ձախողումը պատահական չէ: Այն Նիկոլ Փաշինյանի քաղաքականության, որոշումների և անձնական վարքագծի ուղղակի արդյունքն է: Նրա հանցավոր սխալները հանգեցրին Արցախի կորստին: Նրա անփույթ դիվանագիտությունը անտեսում է մեր ռազմագերիների առկայությանը: Նրա ավտորիտար հակումները բերեցին իր այլախոհների բանտարկությանը: Նրա վարչակազմը խթանեց կոռուպցիայի նոր մակարդակ: Նրա տնտեսական անարդյունավետ կառավարումը լրջագույն տնտեսական խնդիրների առջև է կանգնեցրել Հայաստանի Հանրապետությանը։

Մենք հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը անդառնալիորեն կորցրել է կառավարելու լեգիտիմությունը։ Նրա շարունակական պաշտոնավարումը գոյության սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։
Կառավարության աղետալի գործունեությունը պետական կառավարման բոլոր ոլորտներում՝ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, տնտեսություն և սոցիալական ապահովություն, ցույց է տալիս նրա հիմնարար անգործունակությունը և տեսլականի բացակայությունը։ Այս ձախողումների ազդեցությունը վտանգում է հայկական պետականության ապագան։

Ուստի, մենք հայտարարում ենք, որ այս պահին ազգային արտակարգ իրավիճակի միակ սահմանադրական լուծումը

Ազգային ժողովի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործըթնացն է, որը ենթադրում է հետևյալ քայլերի հերթականությունը.

1. Վարչապետին անվստահություն հայտնելու գաղափարի շուրջ պատգամավորների կոնսոլիդացիա։
2. Ազգային միասնության անցումային կառավարության ձևավորում, որի գերակայությունները պետք է լինեն՝
• կայունացնել ազգային անվտանգության իրավիճակը,
• վերականգնել օրենքի գերակայությունը, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և երաշխավորել ժողովրդավարական ազատությունները,
• վերականգնել հանրային համերաշխության մթնոլորտը,
• կազմակերպել ազատ, արդար և մրցակցային խորհրդարանական ընտրություններ,
• կասեցնել Հայաստանի միջազգային հեղինակության անկումը,
• զերծ պահել երկիրը տնտեսական ցնցումներից,
• միջազգային հարթակներում առաջ մղել ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը։

Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և անհատ քաղաքացիներին, ովքեր հավատում են Հայաստանի ապագային, միավորվել իշխանափոխության այս պահին ամենաիրատեսական եղանակի՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ։

Փոփոխությունների ժամանակը հիմա է՝ նախքան վերահաս և հնարավոր է՝ կործանարար նոր աղետները:

—00—ՄԱ