ՀՀ-ի և Թաիլանդի ԱԳՆ-ների միջև առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացվել

15/09/2025 21:58 Քաղաքական

Սեպտեմբերի 12-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Թաիլանդի Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանի և Թաիլանդի ԱԳՆ Եվրոպական հարցերի վարչության գլխավոր տնօրեն Կրոնգկանիտ Ռակչարեոնի գլխավորությամբ:

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ տնտեսական կապերի զարգացմանը, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում համագործակցության հնարավորություններին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, կրթական և մշակութային փոխանակումներին: Կողմերն անդրադարձ են կատարել նաև միջազգային կազմակերպություններում և այլ բազմակողմ հարթակներում համագործակցությանը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին։ ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետը զրուցակցին հանգամանալից ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը, այդ թվում Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջտարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման ու համակողմանի համագործակցության զարգացման շուրջ Հայաստանի տեսլականը: Թաիլանդի ԱԳՆ Եվրոպական հարցերի վարչության գլխավոր տնօրենը ներկայացրել է Հարավարևելյան Ասիայում վերջին զարգացումները։

Այցի շրջանակներում պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, որի հետ հանդիպմանը ևս անդրադարձ է կատարվել Հայաստան-Թաիլանդ հարաբերությունների երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի, տարածաշրջանային զարգացումներին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը թաիլանդական կողմին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

—00—ՍՊ