«Փոքրիկ» խմբակի արտաքին քաղաքականությունն ուրիշի ողորմածության հույսին է, ոչ թե նախաձեռնողականության
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

«Շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ․ մի անեկդոտի մոտիվով․․․
Խորհրդային տարիներին հայտնի անեկդոտ էր տարածված մի սփյուռքահայի մասին։ Վերջինս Հայաստան այցելությունից հետո ընկերներին պատմում էր, որ Երևանում մասնակցել է մեծ հանրահավաքի․ կոմունիստական ղեկավարները խոսում էին երկրի մեծ ձեռքբերումների մասին, իսկ ժողովուրդը պարբերաբար գոռում էր․ «ուր ա ՜, ուր ա ՜»՝ չհասկանալով, որ ժողովուրդն իրականում «ուռա» բացականչելով ողջունում էր ասվածը։
ՀՀ գործող իշխանություններն, արդեն չորս տարի է, ինտենսիվ բանակցություններ են վարում Թուրքիայի հետ։ Դրանք ընթանում են «առանց նախապայմանների, բայց ոչ մի քայլ առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման» սկզբունքով, ինչը ևս մեկ անգամ օրերս հաստատեց Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը՝ հայտարարելով, որ, Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պես, իրենք նույնպես արագ կկարգավորեն հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս ամենն, իհարկե, շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։
Վաշինգտոնյան նախաստորագրումից հետո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բառացիորեն հայտարարեց, որ Թուրքիան այս պահին արդեն որևէ պատճառ չունի Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար։ Պարզվում է՝ ունի։ Հակառակ դեպքում՝ գոնե Հայաստան ժամանած Սերդար Քըլըչի հետ 4 տարվա մեջ արդեն վեցերորդ հանդիպման արդյունքում կոնկրետ առաջընթաց կարձանագրվեր։ Փոխարենը՝ հայտարարությունների պակաս չկա, որոնք հայ հանրությունը լսում է արդեն չորս տարի շարունակ։ Վերը նշված անեկդոտի մոտիվով՝ մի հարցնող լինի՝ արդյունքն ո՞ւր է․․․
Ուստի, ո՞րն է երաշխիքը, որ «Թրամփի ուղին» գործարկելուց հետո հայ-թուրքական սահմանը կբացվի։ Ի վերջո, Թուրքիան արդեն սկսել է կյանքի կոչել Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի բազմամիլիարդանոց ծրագիրը․ այն, ըստ նախատեսվածի, կմիանա Սյունիքով անցնող երկաթգծին։ Մինչդեռ գրեթե պատրաստ Կարս-Գյումրի երկաթուղու գործարկման համար դեռ քննարկվում է «ուսումնասիրությունների հանձնաժողով» ստեղծելու գաղափարը։ Ինչպես կասեր ամերիկացի գյուտարար Չարլզ Քեթերինգը, եթե ցանկանում եք որևէ ծրագիր ձախողել, հանձնաժողով ստեղծեք դրա ուսումնասիրության համար։
Այդ ամենը, ցավոք, հետևանք է հայկական կողմի ոչ կոմպետենտ արտաքին քաղաքականության, որն ավելի շատ դիմացինի ողորմածության հույսին է, քան նախաձեռնողականության։ Իսկ դիմացինները կամ հաճախ մոռանում են մեր երկրի անվանումը՝ «Ալբանիա» հիշատակելով, կամ պարզապես կասկածի տակ են դնում մեր սուվերեն գոյությունը՝ անվանելով «Արևմտյան Ադրբեջան»․․․
Գուցե հոռետեսները հարցնեն՝ կա՞, արդյոք, այլընտրանք։ Վստահաբար կա։ Պարզապես անհրաժեշտ է առանց հերթական հանձնաժողով ստեղծելու միասնական կամքով փոխել այն փոքրիկ խմբակին, ովքեր առաջնորդվում են հանրահայտ բանաձևով․ ինչ էլ որ լինի՝ իրենք իրենց պարտված չեն համարի․․․»։
Տիգրան Դումիկյան
Քաղաքական վերլուծաբան
–00—ՅՄ