ՀՀ իշխանությունների գործն է․ Եվրահանձնաժողովի նախագահը՝ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի մասին

13/09/2025 10:38 Քաղաքական

Եվրամիությունն ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, այնուամենայնիվ, հետաքննությունը Հայաստանի իշխանությունների, իսկ նման գործերը քննելը ներքին դատական համակարգի պարտականությունն է։ Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրասենյակի պաշտոնական նամակում՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գրության։

Նշենք, որ Մարուքյանը նամակներ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ կոչ անելով չդառնալ Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների եվրոպական հովանավորներ։ Մարուքյանն իր նամակում, մասնավորաբար, անդրադարձել էր գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներին։

«Հիմնվելով ԵՄ-ՀՀ գործընկերության հիմքում ընկած հիմնարար սկզբունքների վրա՝ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի արդարադատության և իրավապահ մարմիններն այս հետաքննություններն իրականացնելիս կգործեն անկախությամբ, ազնվությամբ և հաշվետվողականությամբ, ինչպես նաև կպահպանեն ժողովրդավարական սկզբունքներն ու հիմնարար իրավունքները` ներառյալ պատշաճ դատավարության իրականացումը»,- նշված է Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցերով զբաղվող բաժնի ղեկավար Դերեն Դերյայի պատասխանում։

Եվրոպական կառույցից վստահեցրել են, որ այս սկզբունքների նկատմամբ հարգանքը ԵՄ-ի և Հայաստանի իշխանությունների միջև կանոնավոր երկխոսության հիմնական բաղադրիչն է։

Հիշեցնենք, որ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արշավ է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ։ Արշավի նախերգանքը եղավ այն, որ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում մեղադրեց հոգևորականներին «եկեղեցիները չուլանի վերածելու մեջ»։ Ինչից հետո հարձակումներ սկսեցին ՀԱԵ բազմաթիվ հոգևորականների՝ բարձրաստիճան սպասավորների՝ Վեհափառ Հայրապետի, արքեպիսկոպոսների նկատմամբ։ Այս ամենի շրջանակում դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները մուտք գործեցին Մայր Աթոռի տարածք, լրագրողներին հեռացրին Վեհարանի տարածքից՝ կողպելով դարպասները։

Նշենք նաև, որ այս պահի դրությամբ կալանավորված են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀԱԵ Շիրակի թեմ առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, նրանց մեղադրում են իբրև թե «ահաբեկչության նախապատրաստման և իշխանությունը զավթելու կոչ անելու հանցանքների մեջ»։

–00—ՅՄ