ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների խորացումը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ վիճակը եւ հետագա համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների խորացումը` ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, օրենքի գերակայության ապահովման եւ անվտանգային համակարգի կատարելագործման հարցերում օժանդակության անհրաժեշտությունը:
Դեսպանները, իրենց հերթին, ընդգծել են ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը` շարունակելու աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման, կառավարման արդյունավետության բարձրացման եւ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շրջանակներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ խաղաղության օրակարգին վերաբերող տարբեր հարցերի:
–00—ՅՄ