Այսուհետ կգերիշխի խաղաղության տրամաբանությունը. ՀՀ դեսպանը՝ Բունդեսթագի պատգամավորին
09/09/2025 20:25
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպեց Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ, ՍԴԿ խորհրդարանական խմբակցության արտաքին քաղաքական հարցերի խոսնակ Ադիս Ահմետովիչի հետ։
Դեսպան Ենգիբարյանը ներկայացրեց ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, Վաշինգտոնում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների միջև ստորագրված եռակողմ փաստաթղթերը։
Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի համար մեկնարկել է համագործակցության և բարեկեցության դարաշրջան, իսկ ողջ տարածաշրջանում այսուհետ կգերիշխի ոչ թե հակամարտության, այլ խաղաղության տրամաբանությունը։
Միաժամանակ դեսպանը նշեց, որ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը մեծ հնարավորություններ է ընձեռում նաև հարևան երկրների, Եվրոպական Միության և Գերմանիայի համար։
Ընդգծեց, որ համաձայնագրի նախաստորագրմամբ նվազեցվում են անվտանգային ռիսկերը, որոնք մինչ այս խոչընդոտ են հադիսացել օտարերկրյա ներդրողների համար՝ անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորություններին։
Անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին։
—00—ՍՊ