Իշխանությունն ազնվություն կունենա՞ հրապարակել քննարկված բոլոր փաստաթղթերը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

«Իշխանությունն ազնվություն կունենա՞ հրապարակել քննարկված բոլոր փաստաթղթերը
ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշմամբ դադարեցվեց Մինսկի խմբի և դրա հարակից կառույցների գործունեությունը, ինչը փակեց ավելի քան երեք տասնամյակ տևած միջնորդական գործընթացը, որը ձևավորվել էր 1992 թվականին՝ Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով։ Տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը մշակեց մոտեցումներ, առաջարկեց սկզբունքներ և փաստաթղթեր, սակայն այդպես էլ չկարողացավ ապահովել հիմնախնդրի վերջնական լուծումը։
Անդրադառնալով հակամարտության բանակցային ուղուն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ նախկին իշխանությունների կողմից Արցախը վաղուց արդեն զիջված է եղել Ադրբեջանին։ Սակայն այդ պնդումները երբեք չեն ուղեկցվել կոնկրետ փաստաթղթերի հրապարակումով, ինչի հետևանքով հանրությունը զրկված է եղել հնարավորությունից՝ գնահատելու, թե ինչ առաջարկներ են դրվել սեղանին, ինչ տրամաբանությամբ և ինչ հետևանքներով։
Այսօր, երբ Մինսկի խումբը լուծարվել է, այլևս որևէ քաղաքական կամ իրավական խոչընդոտ չկա բանակցային բոլոր փաստաթղթերը հանրայնացնելու համար։ Արցախի հարցով ընթացած բանակցությունները մեր նորանկախ պատմության ամենազգայուն ու վճռորոշ փուլերից են, և ժողովուրդն ունի անվիճարկելի իրավունք իմանալու, թե ինչ սկզբունքներով են կառուցվել առաջարկները, որ պահին ինչ զիջումների պատրաստակամություն է ցուցաբերվել և ում օրոք են ձևակերպվել այն պայմանները, որոնք հետագայում դարձել են ազգային ողբերգությունների պատճառ։
Հարցն այն է՝ ՀՀ գործող իշխանությունը կունենա՞ բավարար ազնվություն և համարձակություն հրապարակելու այդ փաստաթղթերը, թե,՞ այնուամենայնիվ, ժողովրդից թաքցնելու պատճառներ ունի։ Արցախի հարցը երբեք միայն իշխանության խնդիր չի եղել․ այն եղել և մնում է ազգային ճակատագրի հարց, իսկ փաստերը, թեկուզ ուշացած, մի օր անպայման հասանելի են դառնալու հանրությանը…»։
Տիգրան Դումիկյան
Քաղաքական վերլուծաբան
–00—ՅՄ