Հավատում եմ, որ կարող ենք ամեն բան փոխել, հաղթանակի ճանապարհը պետք է նորից անցնել․ Շահնազարյան
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․
«Մտքիս մեջ այսօր հազար անգամ Արցախ եմ տեղափոխվել, հազար բան հիշել, հազար դրվագ վերապրել: Իրականում ծանր ապրումներով օր ստացվեց: Առավոտյան «Արցախի կանչ» հուշակոթողի բացմանն էի գնացել: Ամեն ինչ այդտեղից սկսվեց: Մինչ այս պահն Արթուր Վանեցյանի խոսքն է ականջիս մեջ: Ասաց` ժողովուրդը գերեզման չունի… Որքան ճիշտ է ասում: Հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ իրենց հարազատների շիրիմներին այցելելու հնարավորություն չունեն, ծաղիկ խոնարհելու տեղ չունեն, ցավը ճնշելու ձև չունեն: Չունեն: Ուղղակիորեն չունեն:
Նայում էի Եռաբլուր եկած մարդկանց ու փորձում հիշել նրանց այնտեղ` Արցախում: Ստացվում էր: Ինքս էլ, կարծես, նրանց հետ Արցախ էի գնում ու հետ գալիս: Երկու իրականություն` այնքան իրար նման ու այնքան տարբեր…
Երկու օր առաջ իմացա, որ ՀՀ իշխանությունները պահանջել են հետաձգել հուշակոթողի բացումը` մի ուրիշ օր անել, անաղմուկ: Իսկ այսօր ընդամենը ճղճիմ մանրոգիություն դրսևորեցին` հոսանքազրկեցին «Եռաբլուր» պանթեոնը, թույլ չտվեցին բարձրախոսներ տեղադրել բացման արարողության համար: Հզոր են: Ու՞մ դեմ են պայքարում` Արցախում հանգչող մեր հայրենակիցների, թե՞ այստեղ տառապող նրանց հարազատների: Սա ի՞նչ թշնամանք է: Որտեղի՞ց:
Կամ ու՞մ և ինչի՞ դեմ են կռվում ամեն գնով «Ազատության» հրապարակի «սակավամարդ» լինելը ցույց տվող օպերատորները, նրանց խմբագիրները, պատվիրատուներն ու տերերը: Ո՞վ են դրանք: Ինչի՞ մասին են:
Չգիտեմ, մտքերս շատ են և իսկապես ծանր: «Ղարիբ ախպեր» երգն է անընդհատ մտքիս գալիս. «էս մեծ տօնին սիրտս լացի կարօտ է»:
Բայց նաև հավատում եմ: Հավատում եմ, որ կարող ենք ամեն բան փոխել: 1991թ. սեպտեմբերի 2-ին ավելի լավ վիճակում չէինք: Բայց այն ժամանակ նպատակ ու կամք ունեինք: Ունեցանք նաև հաղթանակ: Այդ ճանապարհը պետք է նորից անցնել: Ու կանցնենք: «Ազատության» հրապարակում այսօր մենք հենց այդ ուղին բռնեցինք: Հետևաբար` կտեսնվենք Շուշիում: Վաղ թե ուշ, բայց անպայման Շուշիում»: