Այս որոշումը պատմական քայլ է երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

01/09/2025 16:01 Քաղաքական

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունում է Մինսկի խմբի գործընթացի և դրա հետ կապված կառույցների դադարեցման վերաբերյալ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի որոշումը։

«Ես շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում խաղաղության և կայունության ճանապարհին այս կոնկրետ քայլի կապակցությամբ, ինչը դիվանագիտության արդյունավետության համոզիչ վկայությունն է»,- X-ի իր էջում գրել է նա:

Քիչ առաջ ԵԱՀԿ Մշտական ​​խորհուրդը որոշում ընդունեց դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները։

Հիշեցնենք, որ կառույցը լուծարելու առաջարկով հանդես էին եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը «խաղաղության պայմանագիր» կնքելու համար Հայաստանին ուղղված ադրբեջանական պահանջներից մեկն էր։

Երևանն ու Բաքուն միաժամանակ հրապարակեցին խաղաղության համաձայնագրի 17 կետանոց փաստաթուղթը, որը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:

Համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանը երկու նախապայման է ներկայացրել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն: Վաշինգտոնում Միրզոյանն ու Բայրամովը համատեղ դիմեցին ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով:

Նշենք նաև՝ Փաշինյանը դեռևս այս տարվա սկզբին ծավալուն գրառում է արել այն մասին, որ Հայաստանը կարող է հանդես գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցման օգտին, եթե լուծվեն Երևանի և Բաքվի միջև առկա բոլոր խնդիրները։

–00—ՅՄ