ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին անդամակցելու որոշումը պետք է կայացվի բացառապես հայ ժողովրդի կողմից
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Որոշումը, թե արդյոք Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ կազմից, որպեսզի անդամակցի ԵՄ-ին, պետք է կայացվի բացառապես հայ ժողովրդի կողմից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը վերջերս ասել է, որ անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ։ Եվ եթե երբևէ նման որոշում կայացվի, ապա, վստահ եմ, կշռադատվելու են որոշումների կայացման վրա ազդող բազմաթիվ գործոններ այս կամ այն ուղղությամբ», – ասել է նա։
Անցյալ շաբաթ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցության անհնարինությունը։
«Երբ գա ընտրության անխուսափելի պահը, մենք կկայացնենք համապատասխան որոշում», – ասել է նա՝ նշելով, որ ցանկացած սցենար հնարավոր է, և ամեն ինչ կախված կլինի հայ ժողովրդի կամքից, իրավիճակի վերլուծությունից, հեռանկարներից և բանակցությունների արդյունքներից։
Հիշեցնենք, որ Փաշինյանը վերջերս հայտարարել է՝ երբ գա պահը, որ պետք է ընտրությունն անխուսափելի լինի` ԵՄ կամ ԵԱՏՄ, այդ ժամանակ կկայացվի համապատասխան որոշում։
Հավելենք՝ այս տարվա հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։
Ավելի ուշ նա հայտարարեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ։
–00—ՅՄ