ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում է ընդունել լուծարել ԵԱՀԿ Մինսկը և դրան առնչվող կառույցները

01/09/2025 14:50 Քաղաքական

2025 թվականի սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մշտական ​​խորհուրդը որոշում ընդունեց դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

«Ըստ որոշման, որը հիմնված է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ նամակի վրա, որը ուղղված էր ԵԱՀԿ գործող նախագահին 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման ժամանակ՝ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, 2025 թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցվում են ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ Մինսկի համաժողովի շրջանակներում քննարկվող հակամարտության վերաբերյալ, ինչպես նաև Բարձր մակարդակի պլանավորման խմբի գործունեությունը։

ԵԱՀԿ քարտուղարությանը հանձնարարվել է ավարտել այդ կառույցների փակման հետ կապված բոլոր կազմակերպչական և տեխնիկական հարցերը ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։

Որոշմամբ նաև ճանաչվում են ուժը կորցրած և անվավեր ԵԱՀԿ շրջանակներում հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող բոլոր նախկինում ընդունված փաստաթղթերը»։

Հիշեցնենք, որ կառույցը լուծարելու առաջարկով հանդես էին եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը «խաղաղության պայմանագիր» կնքելու համար Հայաստանին ուղղված ադրբեջանական պահանջներից մեկն էր։

Երևանն ու Բաքուն միաժամանակ հրապարակեցին խաղաղության համաձայնագրի 17 կետանոց փաստաթուղթը, որը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:

Համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանը երկու նախապայման է ներկայացրել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն: Վաշինգտոնում Միրզոյանն ու Բայրամովը համատեղ դիմեցին ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով:

Նշենք նաև՝ Փաշինյանը դեռևս այս տարվա սկզբին ծավալուն գրառում է արել այն մասին, որ Հայաստանը կարող է հանդես գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցման օգտին, եթե լուծվեն Երևանի և Բաքվի միջև առկա բոլոր խնդիրները։

–00—ՅՄ