Ոչ ոք չի կարող զրկվել իր երկիր մուտք գործելու իրավունքից․ ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը հայտարարություն է տարածել․
Մարդու հիմնարար իրավունքներ. Ազատ տեղաշարժվելու իրավունք
Ազատ տեղաշարժվելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է։ Այն մարդու անձնական ազատությունների իրացման նախապայման է․ առանց դրա մարդիկ զրկվում են կրթության, աշխատանքի, առողջապահության, մշակութային և քաղաքական իրավունքներից լիարժեք օգտվելու հնարավորությունից։
ՄԱԿ-ի 1948 թ․ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ (1) հոդվածը սահմանում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակվելու իրավունք յուրաքանչյուր պետության սահմաններում»։ Իսկ 13-րդ (2)-ը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի ցանկացած երկրից, այդ թվում՝ իր սեփականից, հեռանալու և իր երկիր վերադառնալու իրավունք։
ՄԱԿ-ի 1966 թ․ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի» 12-րդ հոդվածը սահմանում է, որ պետության տարածքում օրինականորեն գտնվող յուրաքանչյուր ոք ունի այդ տարածքում ազատ տեղաշարժվելու և իր բնակության վայրն ընտրելու իրավունք։
Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր սեփական երկիր մուտք գործելու իրավունքից։
Ազատ տեղաշարժի իրավունքի իրացումը հատուկ նշանակություն ունի փախստականների և տեղահանվածների իրավունքների համատեքստում, քանի որ վերջինիս սահմանափակումը հանգեցնում է բազմաթիվ հարակից ազատություններից զրկելուն կամ սահմանափակելուն։
ՄԱԿ-ի դատարաններում և կոմիտեներում ձևավորվել է մոտեցում, որ իր երկրի տարածք մուտք գործելու իրավունքից կամայական զրկումն արգելված է սովորութային իրավունքի մակարդակով և հետևաբար պարտադիր է բոլոր պետությունների համար։
–00—ՍՊ