Անկարայի քաղաքապետն անդրադարձել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի 1915-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ կատարած հայտարարությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Վերջինս, Հայոց ցեղասպանությունը որակելով «1915-ի իրադարձություններ», ասել է, որ Գազայում իրականացվող գործողությունների ֆոնին Նեթանյահուն բարոյական իրավունք չունի խոսելու մարդասիրությունից։
«Տասնամյակներ շարունակ պաղեստինի ժողովրդին ուղված բռնակցման գործողություններով, կոտորածներով ու բռնաճնշումներով պատմության մեջ որպես մարդկության դեմ հանցագործությունների հեղինակ անցած Նեթանյահուի կողմից 1915 թվականի իրադարձությունների խեղաթյուրմամբ մեր երկիրը թիրախավորելը երկերեսանիության, արատավորության և անամոթության ամենավառ դրսևորումն է»։
Թուրքիայի ԱԳՆ-ն ևս արձագանքել էր Նեթանյահուին՝ դատապարտելով վերջինիս հայտարարությունը և այն որակել հայտարարություն, որը չի համապատասխանում պատմական և իրավական փաստերին։
Հիշեցնենք, որ «The Times of Israel» պարբերականի տեղեկություններով՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ճանաչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների և հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:
Հայկական ծագումով ամերիկացի լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում, պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Նեթանյահուն ի պատասխան ասել էր.
«Կարծում եմ՝ մենք ճանաչել ենք: Քնեսեթը նման բանաձև է ընդունել» (նման օրենսդրություն դեռևս օրենքի ուժ չի ստացել):
Հաջորդիվ պատասխանելով այն հարցին, թե ինչու ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, նա պատասխանել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:
2016-ի օգոստոսին Քնեսեթի կրթության, Մշակույթի և սպորտի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության թեմայով նիստ է գումարում, որի արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ ասվում է. «Հանձնաժողովը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»:
–00—ՅՄ