Թրամփի ուղու ճակատագիրն իրականում Թրամփի ձեռքում չէ, այլ այն շրջանակի, որ հավաքվելու է Չինաստանում

28/08/2025 11:11 Քաղաքական

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տարակուսանքը՝ Նիկոլ Փաշինյանի Չինաստան մեկնելու և Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովին, ու նաև դրանից երկու օր անց Չինաստանում ռազմական շքերթին մասնակցելու կապակցությամբ, խոսում է թերևս քաղաքական իրավիճակի վերաբերյալ պատկերացումների մակերեսայնության մասին։

Թող ներվի իհարկե այդ ձևակերպումը, որովհետև այն օգտագործում եմ առանց որևէ մեկին վիրավորելու կամ հեգնելու մղումը: Պարզապես, միայն մակերեսը դիտարկելու դեպքում է թերևս հնարավոր տարակուսել, որ Վաշինգտոնի օգոստոսի 8-ից հետո Փաշինյանը մեկնում է Չինաստան ՇԳԿ գագաթնաժողովի կամ ռազմական շքերթի:

Հարցն այստեղ ամենևին «բալանսավորման և բալանսավորված» քաղաքականության մասին չէ, որ սիրում է հիշատակել Փաշինյանը պարբերաբար: Դա իհարկե լայն սպառման համար է: Գործնականում անշուշտ Փաշինյանը ունենալով ավելի հանգամանալից իրազեկվածություն, շատ լավ է պատկերացնում, որ Թրամփի ուղու ճակատագիրն իրականում բոլորովին Թրամփի ձեռքում չէ, այլ հենց այն շրջանակի ձեռքում, որ հավաքվելու է Չինաստանում:

Այն, ինչ ստորագրվել է Վաշինգտոնում՝ հռչակագիրն է, շրջանակը: Բուն «ստեղծագործությունն» այլևս վաղուց մեծ Եվրասիայի կամ այսպես ասած Գլոբալ հարավի «ձեռքում» է: Այստեղ կա առանցքային խաղացողների մի հնգյակ՝ Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Իրան և Հյուսիսային Կորեա:

Զուտ արժեքային, նկարագրային, փայլաթիթեղային, հասարակարգային, կամ թեկուզ ճաշակի առումով դուք կարող եք ամենատարբեր պատկերացումներն ունենալ այս հնգյակի առնչությամբ, բայց, եթե դուք զբաղվում եք քաղաքականությամբ, այն էլ այնպիսի գոտում, ինչպիսին Կովկասն է, այնպիսի ռեսուրսներով՝ ինչպիսին Հայաստանն է, դուք պարտավոր եք հաշվի առնել այդ հնգյակի գոյությունը:

Ընդ որում, հնգյակն ինքը բացարձակապես մոնոլիտ չէ: Ավելին, դրանից յուրաքանչյուրը շահեր ունի նույն ԱՄՆ հետ: Պարզապես, նրանց միավորում է մի ուժեղ շահ՝ աշխարհակարգ թելադրելու և ըստ այդմ դրանում սեփական տեղը սահմանելու պատեհությունը:

Դրա համար է, որ օրինակ, որ Հնդկաստանը չի անսում ԱՄՆ պահանջին, ու թեկուզ ենթարկվում է մի շարք ապրանքատեսակների հարցով 50 տոկոս մաքսատուրքի՝ օգոստոսի27-ից, բայց չի հրաժարվում ռուսական նավթի գնումից: Որովհետև Հնդկաստանի համար դա ամրության փորձություն է, զիջե՞ց՝ որևէ մեկն այլևս լուրջ չի վերաբերելու գերխաղացող լինելու նրա հավակնությանն ու փաստարկներին:

Այդպիսով, եթե մենք խոսում ենք քաղաքականությունից, այն էլ իրապաշտ քաղաքականությունից, մենք չենք կարող տարակուսել, թե ինչու է Փաշինյանը մեկնում Չինաստան:

Այլ հարց, որ տարակույսի տեղիք կարող է տալ այն, թե ինչո՞վ է մեկնում, այսիքն ինչ բովանդակությամբ, կամ՝ ներկա՞ ստանալու, թե՞ նաև բովանդակությամբ: Սա արդեն տարակույսի լուրջ հիմք է»,- գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։