Առանց վերադարձի՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործարքը ամրապնդում է ԼՂ հայերի ողբերգությունը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը հոդված է հրապարակել ամերիկյան առաջատար Newsweek հանդեսում՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերին: Հոդվածի ամբողջական տեքստը ներկայացվում է ստորև.
Օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանը միացան նախագահ Դոնալդ Թրամփին՝ ստորագրելու համատեղ հռչակագիր։ Նույն օրը երկու երկրների արտգործնախարարները նախաստորագրեցին երկարատև բանակցությունների արդյունքում ձևավորված խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագիրը։
Հռչակագիրն ու համաձայնագիրը ներկայացվեցին որպես երկար սպասված դիվանագիտական առաջընթաց՝ ներառելով սահմանների ճանաչումը, տարածքային պահանջներից հրաժարումը, ուժի կիրառման արգելքը և հաղորդակցության նոր նախագծեր, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP)։
Դիվանագետների համար սա հաջողություն էր։ Իսկ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) 150,000 քրիստոնյա հայերի համար, որոնք ենթարկվեցին էթնիկ զտման և ամբողջական տեղահանման 2020-2023թթ., դա նշանակում էր պարզապես անհետացում։ Այս փաստաթղթերում չկա ոչ մի հիշատակում այս հակամարտության առաջնային զոհերի մասին՝ այն ժողովրդի, որը հազարամյակներով ապրել է իր պատմական հայրենիքում։
Ինչն է անտեսում խաղաղության շրջանակը
Համաձայնագիրը շեշտում է ինքնիշխանությունը, սահմանները և բարիդրացիական հարաբերությունները։ Այն խորհրդանշականորեն նույնիսկ դատապարտում է անհանդուրժողականությունը, ատելությունն ու ծայրահեղականությունը։ Բայց ընդհանրապես չի նշում տեղահանված հայերին, չի սահմանում մեր անվտանգ վերադարձի պայմանները և չի արձանագրում ադրբեջանական բռնազավթման տակ գտնվող մեր տների, եկեղեցիների ու գերեզմանոցների ավերումը։
Փոխարենը՝ հռչակագիրը խոսում է «թշնամության էջը փակելու» և «վրեժից հրաժարվելու» մասին՝ անտեսելով այն փաստը, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին վտարեց շրջափակման, ռմբակոծման և ահաբեկման միջոցով։ Այդ եղելությունը գնահատվել է որպես ցեղասպանություն Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի, ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեզի և Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կողմից։ Միևնույն ժամանակ Freedom House-ը, Եվրոպական խորհրդարանը և բազմաթիվ այլ կառույցներ այն որակել են որպես էթնիկ զտում։ Ուշագրավ է, որ հենց նախագահ Դոնալդ Թրամփը 2024թ. հոկտեմբերի 23-ին հրապարակավ ճանաչեց, որ «Արցախում հայ քրիստոնյաները սարսափելիորեն հալածվել և հարկադրաբար տեղահանվել են»։
Ստորագրված փաստաթղթերը նաև շրջանցում են Բաքվում պահվող հայ պատանդների հարցը։ Դրանք չեն անդրադառնում մեր հնագույն քրիստոնեական հայրենիքում ընթացող մշակութային բնաջնջման գործընթացին։
Սա խաղաղություն է առանց ժողովրդի՝ պատրաստված դիվանագետների և քաղաքական գործիչների համար, բայց անհաղորդ այն համայնքների հանդեպ, որոնք վճարեցին այս հակամարտության և զանգվածային ոճրագործությունների գինը։
Ատելությունը դեռ ինստիտուցիոնալացված է
Տասնամյակներով Ադրբեջանի պետական քաղաքականությունը սնուցել է հակահայկական ատելությունը։ Դպրոցներում երեխաներին սովորեցնում են ատել հայերին որպես թշնամու։ Բաքվում բացված «Ռազմավարի պուրակում» ցուցադրվել են սպանված հայ զինվորների մանեկեններ։ Ոճրագործությունների կատարողներն արժանացել են հերոսի կոչման։ Նախագահ Ալիևն հպարտությամբ հայտարարել է, որ Ադրբեջանի երիտասարդությունը դաստիարակվել է հայերի դեմ ատելությամբ։
Ի թիվս այլ միջազգային կառույցների՝ 2021թ. ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն ընդունեց պետականորեն ղեկավարվող հակահայ ատելության այդ քաղաքականության առկայությունը։ Այնուամենայնիվ, նոր համաձայնագիրը չի անդրադառնում այն իրականությանը, որ նախագահ Ալիևը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան» և պահանջում է արտատարածքային միջանցք Հայաստանի ինքնիշխան տարածքով։
Ատելության դեմ պայքարի թղթային խոստումը ոչինչ չի նշանակում, երբ ատելությունը մնում է պետական գաղափարախոսություն և արդարությունը դիտավորյալ անտեսվում է։
Ինչ պետք է պարունակի արդար խաղաղությունը
Որպեսզի այս խաղաղության շրջանակը լինի խորհրդանշական դիվանագիտությունից ավելին, առնվազն երկու տարր անփոխարինելի է․
1․ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի հավաքական, անվտանգ, արժանապատիվ, անհապաղ և կայուն վերադարձ՝ պատանդների ազատ արձակման, մշակութային ժառանգության և մասնավոր սեփականության պաշտպանության հետ միասին։ Սա կամընտրություն չէ․ սա օրինական իրավունք է և միջազգային պարտավորություն, որը վերահաստատվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի հրամանով, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 40 անդամ երկրների (ներառյալ՝ ԱՄՆ) համատեղ հայտարարությամբ՝ ընդունված 2023թ. հոկտեմբերի 11-ին, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի 87 անդամների նամակով։
2․ Ադրբեջանի կողմից վարվող հակահայ ատելության քաղաքականության վերացում։ Իրական խաղաղությունը պահանջում է դասագրքերի վերաշարադրում, քարոզչության դադարեցում և բռնության հերոսացման բացառում։ Առանց դրա՝ հաշտեցումն ու կայուն խաղաղությունը կմնան անհնար։
Պատմությունը ապացուցում է այդ ճշմարտությունը։ Դեյթոնի համաձայնագիրը Բոսնիայում երաշխավորում էր վերադարձի իրավունքը։ Ռուանդայում հաշտեցման համար անհրաժեշտ էր վերացնել ցեղասպանական գաղափարախոսությունը։ Երկու դեպքում էլ կայուն խաղաղությունն ապահովվեց միայն այն ժամանակ, երբ վերականգնվեցին արդարությունն ու իրավունքները։ Լեռնային Ղարաբաղը չի կարող տարբեր լինել:
Աշխարհը դեռ ընտրություն ունի
Ես մեծացել եմ կույր ու ծնողազուրկ այս հակամարտության հետևանքով։ Մաշկիս վրա զգացել եմ ռմբակոծումներ, շրջափակումներ և հարկադիր տեղահանում։ Որպես Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների նախկին պաշտպան և պետնախարար՝ նույնիսկ իմ կույր աչքերով ականատես եմ եղել այնպիսի մասշտաբի տառապանքների, որոնք ոչ ոք չպետք է ընդունի։
Այնուամենայնիվ, ես չեմ ատում սովորական ադրբեջանցիներին։ Մեր պահանջը վրեժը չէ. մեր պահանջը արդար, արժանապատիվ, ներառական, համապարփակ և կայուն խաղաղությունն է։ Սրանք դատարկ բառեր չեն, այլ՝ միջազգային իրավունքի սկզբունքներ ու նորմեր, որոնք կիրառվել են այլ հակամարտություններում և որոնք չպետք է բացառվեն մեզ համար։
Հիմա նախագահ Թրամփն ունի ընտրություն. նա կարող է օգոստոսի 8-ը տոնել որպես պատմական նվաճում և ևս մեկ «մեծ գործարք», կամ կարող է ապահովել, որ այն դառնա իսկական խաղաղության հիմք։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, որոնք պատասխանատու են այս ամոթալի գործարքի համար, արդեն խոսել են Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի տրամադրման մասին։ Բայց արդյո՞ք զանգվածային ոճրագործությունների լեգիտիմացումը արժանի է խաղաղության ոլորտում աշխարհի բարձրագույն պատվին։
Մեր ժողովուրդը լուռ չի մնա։ Մենք կվիճարկենք ցանկացած խոսույթ, որը ներկայացվում է քաղաքական գործիչների ու դիվանագետների կողմից՝ ջնջելու մեր իրավունքներն ու գոյությունը։ Առանց վերադարձի և արդարության՝ այս փաստաթղթերը ոչ թե վերջ կտան հակամարտությանը և խաղաղություն կբերեն, այլ՝ ընդամենը կամրապնդեն մեր ողբերգությունը և կխրախուսեն զանգվածային ոճրագործությունների կատարողներին՝ հրահրելով նոր ողբերգություններ Հարավային Կովկասի ժողովուրդների և, ի վերջո, մարդկության համար։
Արտակ Բեգլարյանը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպանն ու պետնախարարն է։ Փրկվելով ցեղասպանությունից և հարկադիր տեղահանությունից՝ այժմ նա ղեկավարում է Արցախ Միությունը և պաշտպանում է Արցախի հայերի իրավունքները։ Նա վկայություն է տվել ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի մարդու իրավունքների հանձնաժողովում։
–00—ՅՄ