Թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է ՀՀ-ին դուրս թողնել «Միջին միջանցքի» ծրագրից․ իրանագետ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է ՀՀ-ին դուրս թողնել նույնիսկ թուրքական «Միջին միջանցքի» ծրագրից»
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
Օրերս Թուրքիայում տեղի է ունեցել Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու նոր երկաթուղու հիմնարկեքը, որը պետք է միացնի Նախիջևանը Թուրքիային, և որն այդ երկրի տրանսպորտի նախարարը բնորոշել է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» ստեղծման գործնական առաջին քայլերից։
Մոտ 2,7 մլրդ դոլար արժողությամբ և 224 կմ երկարությամբ այս ուղին գրեթե նույնությամբ կրկնում է համարյա նույն երկարության, մեծ մասամբ Հայաստանով անցնող՝ արդեն իսկ առկա Երասխ-Արմավիր-Գյումրի-Կարս երկաթգիծը։
Այսինքն, սա ուղղակի ցուցիչ է առ այն, որ այլընտրանքային նշված երկաթգծով թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է այս մասով Հայաստանին դուրս թողնել նույնիսկ թուրքական «Միջին միջանցքի» ծրագրից և «անխոչընդոտ» ձեռք գցել մեր երկրի Սյունիքի մարզով անցնող մոտ 43 կմ ուղին միայն, այսպիսով փաստելով, որ Հայաստանի իրական ապաշրջափակման որևէ նպատակ չունի։
Կից՝ «Անադոլու» գործակալության հրապարակած՝ նոր երկաթուղու «քարտեզն» է։