Հայ ժողովուրդը արժանի է խաղաղության և երջանկության, նրա ավանդը պատմության մեջ անգնահատելի է․ դեսպան

25/08/2025 21:20 Քաղաքական

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավոր պայմաններում նշվեց Երկրորդ աշխարհամարտում ճապոնական ագրեսիայի դեմ չինական և խորհրդային բանակների համատեղ հաղթանակի 80-ամյա հոբելյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյն իր ելույթում խորին հարգանքով խոսեց նրանց մասին, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են՝ պաշտպանելու համար ազգային ինքնիշխանությունը, անկախությունը և արժանապատվությունը, պաշտպանել են իրենց օջախներն ու ժողովրդին, ինչպես նաև պահպանել են միջազգային արդարությունն ու համաշխարհային խաղաղությունը։

«Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որը ոչ պակաս բարդ է, քան անցյալում։ Մենք գտնվում ենք գլոբալ խորքային փոփոխությունների շրջափուլում և կանգնած ենք պատմության շրջադարձային կետում։ Մեր ապագայի ուղղությունը կախված է այն ընտրություններից, որոնք մենք անում ենք այսօր։ Իսկ ճիշտ ընտրություն կատարելու մեր կարողությունը կախված է նրանից, թե որքան լիարժեք և ճշգրիտ ենք հասկանում պատմությունը։ Հետևաբար, մեր այսօրվա հանդիպման նպատակը՝ պատմությունից դասեր քաղելն ու համատեղ ապագա կառուցելն է»,- ասաց Լի Սինվեյը։

Արդեն 80 տարի է անցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից, սակայն, ըստ դիվանագետի, դրա ազդեցությունը, տարածվելով ինչպես ջրի ալիքները, շարունակում է զգացվել։ Այսօրվա միջազգային կարգը, բազմաթիվ խնդիրները և հակամարտություններն ունեն 80 տարվա վաղեմության արմատներ, երբ մարդկությունը նոր էր անցել պատմության ամենամեծ, ամենակործանիչ և սարսափելի պատերազմի միջով, որից հետո Եվրոպան վերածվել էր ավերակների, իսկ Ասիան՝ կործանված էր։

«Չին ժողովուրդը դիմադրեց ճապոնական միլիտարիզմի ներխուժմանը և պահեց Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմի Արևելյան ճակատը՝ կարևոր դեր խաղալով պատերազմի վերջնական հաղթանակում։ Հետևաբար, Չինաստանը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի չորս հիմնական հաղթող երկրներից մեկը։

Չինաստանը վճռորոշ ավանդ ունեցավ ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակում, այլև հետպատերազմյան միջազգային կարգի հաստատման գործում։ 80 տարի առաջ Հայաստանը ակտիվորեն մասնակցեց Մեծ Հայրենական պատերազմին՝ իր բնակչության ավելի քան 20%-ով ծառայելով ռազմաճակատներում, ինչը ամենաբարձր մասնակցության ցուցանիշն էր տարածաշրջանում»,- նշեց դեսպանը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։