Իրանի համար կարևոր է Հարավային Կովկասի ապաշրջափակումը՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանմամբ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Իրանի համար կարևոր է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, այդ թվում՝ Հայաստանի հարավով Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկաթուղային կապի հաստատումը՝ առանց միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտելու և Հայաստանի ազգային ինքնիշխանությանը հակասելու։
Ինչպես հաղորդում է իրանական Mehrnews գործակալությունը, ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նա նշել է, որ իրենք զգայուն են Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի հնարավոր ներկայությամբ և միջամտությամբ՝ հավելելով, որ Իրանն այդ հարցը հստակ արտացոլել է։
Բաղային նշել է, որ իրենք այս հարցով լսել են բոլորի բացատրությունները՝ շեշտելով, որ իրենց վստահեցրել են, որ ԱՄՆ-ի հետ հաստատվելիք գործընկերությունը կլինի Հայաստանում գրանցված ընկերության շրջանակներում։
—00—ՄԱ