Փեզեշքիանը Հայաստան այցից առաջ իրանցի պաշտոնյաների հետ քննարկել է ԱՄՆ-ում ստորագրված փաստաթուղթը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Հայաստան և Բելառուս իր առաջիկա այցերի ընթացքում կկենտրոնանա իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացման և նախկինում կնքված համաձայնագրերի, մասնավորապես համատեղ ներդրումային նախագծերի առաջխաղացման վրա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդել է իրանական Mehrnews գործակալությունը, Իրանի նախագահն այս մասին ասել է Հայաստան և Բելառուս այցերին ընդառաջ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպմանը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկումները կենտրոնացած են եղել հիմնական ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ներդրումների, առողջապահության, շրջակա միջավայրի, գիտության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում հնարավոր համագործակցության վրա։
Պաշտոնյաները բացահայտել են համագործակցության հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները և քննարկել դրանց հասցեագրման ռազմավարությունները։
Քննարկվել է նաև Վաշինգտոնում վերջերս ստորագրված հռչակագիրը Թրամփի ուղու ստեղծման վերաբերյալ՝ Իրանի ազգային շահերի պահպանման շեշտադրմամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Իրանի և Հայաստանի, ինչպես նաև Իրանի և Բելառուսի միջև կնքվելիք համագործակցության համաձայնագրերն ու հուշագրերը՝ շեշտելով դրանց՝ ժամանակին իրականացման անհրաժեշտությունը։
Փեզեշքիանը վերահաստատել է Իրանի հանձնառությունը՝ ընդլայնելու տարածաշրջանային համագործակցությունը և ամրապնդելու հարևան երկրների հետ կապերը՝ կառուցողական ներգրավվածության և փոխադարձ օգուտների միջոցով։
–00—ԱՊ